«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի երկու տարրական դպրոցի երեխաներին ներկայացրեց իր հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը և անցկացրեց ակնային զննում։
Ինչպես տեղեկացրին Հայկական ակնաբուժության նախագծից, այս տարի Տեսողության համաշխարահին օրվա միջոցառուները անցկացվում են «Կարևորենք տեսողությունը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել կանխարգելի կուրության եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրա։
«Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը մշակվել է դպրոցահասակ երեխաների ներգրավմամբ երկարատև աշխատանքի արդյունքում և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նոյւթ։ Այն Տեսունիկ անունով փոքրիկ աղջկա կերպարի միջոցով տարրական դասարանի երեխաներին զվարճալի եղանակով ծանոթացնում է աչքի կառուցվածքին, խնամքին, տեսողության անվտանգության կանոններին: Երեխաները առնչվում եմ տեսողական խաբկանքներին և փորձում են լուծել մի շարք հետաքրքիր խնդիրներ։
Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները իրականացրեցին նաև շուրջ 200 աշակերտի տեսողության ստուգում, որի արդյունքում բացահայտված տեսողական խնդիրներին կհետևեն համապատասխան մասնագետները։
Տեսողության համաշխարահին օրվա նախօրեին հանրային տարածքում Հայկական ակնաբուժության նախագիծը կազմակերպեց հանրային իրազեկման միջոցառում, որի ժամանակ այցելուներին տրամադրվեցին առավել մեծ տարածում ունեցող ակնային հիվանդությունների մասին տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև բաժանվեցին այդ հիվանդությունների նախանշանները նմանակող հատուկ ակնոցներ, որոնք կրելով քաղաքացիները մի փոքր տարածք պետք է անցեին քայլելով։ Իրազեկման միջոցառման մասնակիցները պատասխանեցին տեսողության հետ կապված հարցերի և հնարավորություն ունեցան համտեսելու տեսողության համար օգտակար մթերքներով պատրաստված ուտեստներ։
Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը կավարտվի հաջորդ շաբաթ Գյումրիում՝ շաքարային դիաբետով հիվանդներին ակնային զննումների մեկնարկով: Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագրի նպատակն է կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը բնակչության շրջանում՝ կանխարգելիչ բարելավված խնամքի և բուժման, բուժծառայությունների և հանրային տեղեկատվության հասանելիության բարձրացման շնորհիվ: Ծրագրի շրջանակներում ողջ երկրում շաքարային դիաբետ ունեցող յուրաքանչյուր հիվանդ նոր գերժամանակակից սարքավորմամբ ակնային ստուգում կանցնի, համակարգչային ծրագրի միջոցով շաքարախտային ռետինոպաթիայի ռիսկային խմբում գտնվողները կառանձնացվեն և համապատասխան բուժում կստանան:
«ՀԱՆ-ը Տեսողության համաշխարհային օրը նշում է 2004թ.-ից սկսած: Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել տարատեսակ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, ներառական ծրագրեր, ֆլեշ մոբ եւ այլն: Այս տարի մենք միջոցառումները սկսեցինք հանրային վայրում իրազեկման արշավով, իսկ այսօր Երևանի երկու դպրոցներում առաջին անգամ ներկայացնում ենք «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը, որն ապագայում կիրառվելու է հանրապետության բազմաթիվ դպրոցներում» – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսը՝ 285 մլն մարդ ունի տեսողության խաթարում, որից 39 մլն-ը կույր է /0.6 տոկոսը/, իսկ եւս 246 մլն-ն ունի ծայրահեղ թույլ տեսողություն: Տեսողության խաթարմամբ բնակչության 90 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, տեսողության խաթարման դեպքերի շուրջ 80 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: Տեսողության խաթարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետեւյալն են՝ տեսողության ճշգրտման բացակայություն (ակնոցներ), կատարակտ եւ գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման եւ տարիքային մակուլյար դեգեներացիան: Կատարակտով է պայմանավորված տեսողության խաթարման դեպքերի 33, իսկ կուրության դեպքերի՝ 51 տոկոսը: Տեսողության խաթարում ունեցողների 65, իսկ կույրերի՝ 82 տոկոսը 50 եւ ավելի տարեկան է: Հետեւաբար, ծերացող հասարակություններում կուրության կանխարգելումն ու բուժումն էլ ավելի են կարեւորվում:
ՀԱՆ-ը 2003թ-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժումներ է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Լույս հայի աչքերին ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ը իրականացրել է շուրջ 400.000 ակնային ստուգում, կատարել է 23.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 70.000 ակնոց: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով: