Որոշ հիվանդությունների մասին Դուք, ամենայն հավանականությամբ, կյանքում երբեք չեք լսի, եթե իհարկե Դուք բժիշկ չեք։ Բայց կան հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, ու նրանց մասին չիմանալ չի կարելի։
Ներկայացնում ենք սրտի իշեմիկ հիվանդությունը: Այդ հիվանդության մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու հարցում NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։
Սրտի իշեմիկ հիվանդություն
Սրտի իշեմիկ հիվանդությունը պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում կորոնարային զարկերակների ախտահարման պատճառով խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը։ Այլ կերպ ասած՝ սրտամկանն ավելի մեծ քանակության թթվածնի կարիք է ունենում,քան ստանում է արյան հետ։ Դրա պատճառը կարող են լինել աթերոսկլերոտիկ վահանիկները, որոնք աճելով կորոնարային զարկերակների ներքին պատյանի երկայնքով, նեղացնում են դրանց բացվածքը ու դժվարացնում արյան հոսքը դեպի սրտամկան։
ՍԻՀ-ն կարող է ունենալ սուր ընթացք ՝ միոկարդի ինֆարկտի ձևով, նաև քրոնիկ ընթացք՝ ստենոկարդիայի պարբերական նոպաների նման։
Տարածվածություն
Սրտի իշեմիկ հիվանդությունն այսօրվա դրությամբ համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկն ու մահացության, գործունակության ժամանակավոր ու կայուն կորստի ամենատարածված պատճառներից մեկը թե Հայաստանում, թե աշխարհի մյուս երկրներում։ Ամբողջ աշխարհում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդություններն առաջին տեղն են զբաղեցնում ու դրանց մոտ 40 տոկոսը բաժին է հասնում ՍԻՀ-ը։
Ռիսկի գործոններ
Համլետ Հայրապետյանը նշեց, որ ՍԻՀ զարգացման գործոնները շատ են, ընդ որում դրանցից մի քանիսը կախված են մարդուց ու նրա կենսակերպից, իսկ մյուսները՝ ոչ։
Գործոններ, որոնք կախված չեն մարդուց
- Սեռը (տղամարդիկ ավելի հաճախ են բախվում ՍԻՀ-ին, քան կանայք)
- Ժառանգականություն
Գործոններ, որոնց վրա մարդը կարող է ազդել․
- Ծխելը
- Ավելորդ քաշը , ճարպակալումը
- Խոլեստերինի բարձր մակարդակը
- Հիպերտոնիան
- Շաքարային դիաբետը
- Վատ սնունդն ու անառողջ կենսակերպը
Ախտանշաններ
ՍԻՀ հիմնական ախտանշանները ներառում են․
- Ցավ կրծոսկրի ետևում, որը հաճախ տարածվում է դեպի ձախ ուս, նախաբազուկ, դաստակ, մեջք, վիզ, ներքևի ծնոտ։
- Ցավ, որը հաճախ է հայտվում ֆիզիկական կամ զգացմունքային ծանրաբեռնվածություններից հետո, իսկ հանգստի վիճակում ինքնուրույն դադարում է։ Սովորաբար այն տևում է 30 վայրկյանից մինչև 5-15 րոպե։
- Նիտրոգլիցերինի ընդունումից հետո բոլոր տհաճ զգացողություններն արագ անցնում են (10-15 վայրկյանում)
Պետք է նշել, որ ՍԻՀ-ն, որպես կանոն, զարգանում է բավականին դանդաղորեն, ու սկզբնական փուլերում գրեթե չի դրսևորում իրեն։ Այդուհանդերձ, հիվանդության արդյունավետ հսկողության համար շատ կարևոր է այն հնարավորինս շուտ հայտնաբերել։
Բուժում
ՍԻՀ բուժումը ուղղված է սրտամկանի արյան նորմալ մատակարարման վերականգնմանը ու հիվանդների կյանքի որակի բարելավմանը։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է բուժման տարբեր մեթոդներ՝ կախված հիվանդի վիճակից։ Որոշ դեպքերում կարող է ցուցված լինել թերապևտիկ բուժում, իսկ մյուս դեպքերում՝ վիրահատական՝ ստենտավորում, աորտո- կորոնար շունտավորում, սրտամկանի տրանսմիոկարդիալ լազերային ռեվասկուլրարիզացիա և այլն։
Որպես վերջաբան
ՍԻՀ-ը շատ տարածված հիվանդություն է, ամբողջ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկը։ Դրա առաջացումը կանխելն ավելի հեշտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ եթե առողջ կենսակերպ վարեք, շատ շարժվեք, քաշը նորմայի սահմաններում պահեք ու չծխեք, սրտի ու անոթների հետ խնդիրների հավանականությունը նվազագույնի կհասցնեք։ Իսկ եթե հիվանդությունն արդեն առկա է, ցանկալի է այն հնարավորինս շուտ ախտորոշել՝ այդ դեպքում հիվանդը կունենա երկարատև ու լիարժեք կյանք ապրելու բոլոր շանսերը։