«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, ով մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին, իր զեկույցում անդրադարձ կատարեց քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին: Նա, մասնավորապես, որակեց Երևանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական և նշեց, որ այն բարձրացրել է աղետների ռիսկերը:
«Ըստ Կառավարության նախնական որոշման՝ Հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է բարձր լինեին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից, բայց այսօր տեսնում ենք, թե ինչ բազմահարկեր են այնտեղ: Կարծես այդ բազմահարկերը հատուկ կառուցվում են հենց դպրոցների կողքին՝ հաճախ մի քանի մետր հեռավորությամբ»,-նշեց բնապահպանը՝ ընդգծելով, որ երկրաշարժերի ժամանակ դրանք անչափ մեծ վտանգ են պարունակում:
Բնապահպանը խոսեց նաև պոչամբարներից՝ նշելով, որ Հայաստանում այսօր կա 21 պոչամբար, որոնցից ոչ մեկը որևէ ստանդարտի չի համապատասխանում:
«Ախթալայի պոչամբարը, օրինակ, շատ մոտ է դպրոցին, կողքը խմելու ջրի աղբյուրն է»,- ասաց բնապահպանը:
Լուսանկարում՝ Երևանի Բաղրամյան պողոտայի մոտ գտնվող թիվ 78 դպրոցն է, որի հարևանությամբ վեր են խոյանում 2 հսկա բարձրահարկեր: