Վահան Ասատրյան. «Ինչու պիտի հասարակությունը վճարի ձեր հիշողությունների ու բարի զգացմունքների համար»
Advertisement 1000 x 90

Վահան Ասատրյան. «Ինչու պիտի հասարակությունը վճարի ձեր հիշողությունների ու բարի զգացմունքների համար»

2017թ.

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ

125-հոգանոց պրոֆեսորադասախոսական աշխատակազմ.

…և 3 դիմորդ…

…մայր բուհի, ֆիզիոսների մայր ֆակուլտետում նույնքան դիմորդ, որքան մայրական մահացության դեպք 2010 թվականին՝ երեք…

…մեկ դիմորդի հաշվով 41-ից ավելի ղեկավար, պատվավոր ղեկավար, պրոֆեսոր, դասախոս, ասիստենտ, լաբորանտ, գիտաշխատող… ավելի շատ, քան ավազակ՝ մեկ Ալի-Բաբայի հաշվով (Ծնթ. բոլոր զուգահեռները մտացածին են…)

…ո՞ր հարուստ երկիրը կարող է իրեն թույլ տալ ուսանող-դասախոս նման հարաբերակցություն… ես ոչ մի նման երկիր չգիտեմ… նման բան իրեն թույլ տալ կարող է թերևս միայն աղքատ երկիրը, ուր բուհերն ու դպրոցները ավելի շուտ սոցիալական աջակցության խնդիր են լուծում, քան կրթական… որովհետև դասախոսների միջին տարիքը գերազանցում է ՀՀ համախառն ներքին արտադրանքը, իսկ հեղինակավոր գիտական հանդեսներում հրապարակումների քանակը զիջում է ՀՀ զինված ուժերին պատկանող «Իսկանդեր» հրթիռների քանակին…

…ԵՊՀ քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետներում դիմորդների թվաքանակը 2017 թվականին եղել է նույնքան, որքան 2015-2017 թվականներին Հայաստանի Հանրապետությունում գրանցված դինոզավրերի ծնունդների թվաքանակը… 0…

…մայր բուհը, և բուհերն ընդհանրապես էական խոշորացման շեմին են հայտնվել, ուսանողների հետաքրքրությունը առանձին մասնագիտությունների հանդեպ դրամատիկորեն նվազել է…

…ստեղծված իրավիճակում ինչպես միշտ առաջինը մեղադրելու են իշխանություններին՝ բուհի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ Նախագահն է, մեղադրելու են կառավարությանն ու վարչապետին՝ կրթության ոլորտի ֆինանսավորումը միջնաժամկետ հեռանկարում կրճատելու համար, մեղադրելու են «դեբիլ» դիմորդներին ու ուսանողներին, «բառադի» ծնողներին ու հասարակությանը… իսկ դասախոսներին ու բուհին, որոնք ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուներն են միայն խղճալու են… ֆակուլտետների ու բուհի շրջանավարտները «թասիբի» են ընկնելու ու խառնվելու են իրար, թե բա ոնց կլինի, մեր բուհը, մեր ֆակուլտետը օպտիմալացնում են, փակում են, միավորում են…

…որ հետո չասեք՝ չասեց, ասում եմ.

1. «թասիբի ընկնողներին».

հարց տվեք ձեզ՝ ձեր զավակներին ուղարկու՞մ եք ձեր բուհն ու ձեր ֆակուլտետը, եթե դուք չեք ուղարկում, ինչու եք մյուսներից այլ բան ակնկալում… եթե դիմորդները չեն դիմում ձեր բուհն ու ֆակուլտետը, եթե ձեր բուհն ու ֆակուլտետը ի վիճակի չեն մրցունակ կրթություն առաջարկելու էսօրվա ուսանողին, ինչու պիտի հասարակությունը վճարի ձեր հիշողությունների ու բարի զգացմունքների համար՝ ստեղծեք հիմնադրամ ու ձեր անձնական գումարներով սնուցեք ձեր հիշողություններն ու բարի զգացմունքները… հարկատուները ձեզ ոչինչ պարտք չեն…

2. դիմորդներին, ուսանողներին ու ծնողներին, հասարակությանը մեղադրողներին.

հարց տվեք ձեզ՝ ապագա մասնագիտության ու բուհի ընտրությունը 2017 թվականին 4+2 տարին գլորելու միջավայրի՞ ընտրություն է, թե այլևս կյանքի ուղու ընտրություն, ճակատագրական ընտրություն, անգամ՝ ապրելու, սովորելու ու աշխատելու երկրի ընտրություն… դուք ինչ սկզբունքով եք ընտրում ձեր ու ձեր երեխաների ուղին…

3. կառավարությանն ու վարչապետին մեղադրողներին.

հարց տվեք ձեզ՝ կրթության համակարգը պիտի շարունակի մեռնե՞լ սոցաջակցության մահճում մեր լուռ տխրության ուղեկցությամբ, թե պիտի ստանա էն ցնցումը, որը կարող է կրթական ծառայությունների առաջարկ փոխել, պիտի ստանա էն աջակցությունը, որը համակարգը կարող է դուրս բերել մեծապատիվ մուրացկանների տրամաբանությունից ու նոր ավյուն հաղորդել հեռանկարային ուղղություններին, դուք ի՞նչ սկզբունքով եք ընտրում հանրային ծառայություններն ու ինչպե՞ս եք նախընտրում ծախսել ձեր ու մեր՝ հարկատուներիս միջոցները… թթվի վարունգ գնելիս երբեմն ավելի շատ ենք մտածում, քան բուհի ու կրթության հարցերում… թեև բոլոր ձախորդություններում մեղադրում ենք թարս աճած վարունգին…

4. քաղաքական իշխանություններին մեղադրողներին.

հարց տվեք ձեզ՝ թույլ հանրային ինստիտուտների, բարձր աղքատության մակարդակի պարագայում ուրիշ ինչպիսի՞ն կարող են լինել ժողովրդավարությունը, քաղաքականությունն ու իշխանությունը… միայն պոպուլիստական… դուք կկտրեի՞ք էն ճյուղը որի վրա նստած եք, եթե ոչ, ապա ինչու պիտի անի թույլ ինստիտուտների ժողովրդավարության երկրում պոպուլիստական քաղաքականությամբ վերարտադրվող քաղաքական իշխանությունը… ներկայացուցչական քաղաքական իշխանությունը ոչ թե լավերի ներկայացուցիչն է, այլ շատերի…

5. քաղաքական իշխանություններին. երբեմն-երբեմն ձեր խորհրդականներին լսելուց զատ նայեք թվերին, եթե երկար նայես թվերին, թվերը սկսում են նայել քեզ…

© երկնքից երեք դիմորդ ընկավ՝ մեկը ծնողի վզին, մյուսը հարկատուի, երրորդը՝ առաջին երկուսի…

Վահան Ասատրյան, Facebook