«Այբ» դպրոցի շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստանում է Հայաստանի բուհերում: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը` հավելելով, որ թատերականից մինչև ճարտարագիտական մասնագիտություններով են շարունակում կրթությունը Հայաստանում: Արտասահմանյան բուհերից, որտեղ սովորում են «Այբ»-ի սաները, տնօրենը հիշատակեց Բերքլիի, Չիկագոյի, Նյու Յորքի, Ֆլորենցիայի, Վիեննայի համալսարանները, Չինաստանի, Սինգապուրի Ռուսաստանի լավագույն բուհերը: «Մեր շրջանավարտները տարատեսակ մասնագիտություններ են ընտրում, չեն ցանկանում միայն դառնալ տնտեսագետ ու իրավաբան»,-ասաց Արամ Փախչանյանը:
Նա դա պայմանավորում է «Այբ»-ում ստացած գիտելիքների որակով և այլ երկրներում այստեղ հանձնած քննությունների ճանաչելիությամբ: Այնպես որ ավարտական քննությունները հանձնելիս շրջանավարտները կարող են ընդունվել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան բուհեր:
Այս տարի ավագ դպրոցում անվճար սովորելու հնարավորություն են ընձեռել նաև մարզերի տաղանդավոր դեռահասներին: «Այս տարի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որ ՀՀ մարզերի այն երեխաները, ովքեր արդեն արձանագրել են կրթական հաջողություններ, «Այբ»-ում անվճար սովորելու հնարավորություն ստանան: Դրանով ենթադրվում է նաև, որ դպրոցը հոգում է նրանց կացության, սննդի հարցերը, բժշկական հոգսերը, որպեսզի նրանք ամբողջությամբ կենտրոնանան կրթության վրա»,-տեղեկացրեց Արամ Փախչանյանը: Մարզերից եկած դպրոցականները բնակվում են լավ պայմաններով ապահովված հանրակացարանում:
Դպրոցի տնօրենի խոսքով` մարզերի դեռահասներն աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ: «Մեր ամենալավ սովորող աշակերտների շարքում են, և մենք նրանց հետ շատ մեծ հույսեր ենք կապում: Իրենց համեստությամբ օրինակ են ծառայում մեր մյուս աշակերտների համար: Ճիշտ է այստեղ գալով նրանք հրաժարվել են ընտանիքում և իրենց հարազատ քաղաքում ապրելու հնարավորությունից, բայց նրանց հետ զրույցներից հետո կարող եմ ասել, որ երջանիկ են»,-ավելացրեց Փախչանյանը:
Մարզերից եկած աշակերտները ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների 25 տոկոսն են կազմում: