Volterman խելացի դրամապանակից հաջողությունից հետո հանրային դրամահավաքի (crowdfunding) գծով արդեն նշմարվում է հայկական մեկ այլ խելացի արտադրանքի՝ The Moon-ի հաղթարշավը։
Հիշեցնենք, որ Volterman-ին հաջողվեց indiegogo հարթակի միջոցով հավաքել մեկ միլիոն դոլար և մեկնարկել սերիական արտադրության գործընթացը։ Երեկ երեկոյան Indiegogo մտավ նաև The Moon տեսախցիկը, իսկ այսօր առավոտյան նախագիծը հավաքել է արդեն 22,4 հազար դոլար։ Այսինքն, մի քանի ժամվա ընթացքում The Moon-ը հավաքել է առաջին փուլի համար թիրախային 45 հազար դոլարի կեսը։
The Moon-ը տեսախցիկ է, սակայն ոչ սովորական։ Այն առաջին «լողացող» տեսախցիկն է։ Սարքը լողում է իր պատվանդանից որոշակի բարձրության վրա, ինչը թույլ է տալիս 360 աստիճանով պտտվել և ծածկել ամբողջ տարածքը։ Նաև լիցքավորումն է կատարվում անլար եղանակով։ Բնականաբար, ունի նաև գիշերային նկարահանման հնարավորություն։
Խցիկը զինված է ձայնային և շարժման դետեկտորով և ավտոմատ ուղղվում է ձայնի ու շարժման կողմը։ Ունի նաև ջերմային, խոնավության, ածխաթթու գազի և լուսային սենսորներ, ինչը նշանակում է, որ սարքը կարող է «հսկել» տնային սարքերի գործունեությունը։
Այն Smart Home (խելացի տուն) հանգույց ունի, որը համադրելի ZigBee, Z-Wave, BLE & IR Blaster համակարգերի հետ։
Այս ամենից հետո հասկանալի է, թե ինչու է The Moon-ը համարվում աշխարհի ամենանորարարական և ամենախելացի տեսախցիկը։
Սարքի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ indiegogo-ում։ Հենց այդտեղ կարող եք ցանկության դեպքում մասնակցել դրամահավաքին, կամ պատվիրել սարքը։ The Moon-ը այսօր նախապես պատվիրելու դեպքում կկիրառվի 43% զեղչ և կվաճառվի 348 դոլարով՝ 612-ի փոխարեն։
Նշենք, որ The Moon-ի նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող 1-Ring ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն թիմն ամբողջությամբ հայկական է։ Այսինքն, The Moon-ը դառնում է հերթական հայկական ամենախելացի սարքը։