Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սվետա Կ.-ի գործի դատական քննությունը:
46-ամյա Սվետա Կ.-ին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով ՀՀ պետական սահմանը հատելով՝ կազմակերպել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) Դուբայ տեղափոխումը և 2016 թվականի փետրվարի 26-ից նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, ինչպես նաև նույն Նոնա Մ.-ի տեղափոխումը մեկ անգամ ևս կազմակերպելով՝ 2016 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի սկիզբը այլ ձևով է նպաստել նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբներին Սվետան համացանցի միջոցով շփում է հաստատել Նոնայի հետ, տեղեկացել է, որ նա գործազուրկ է, գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, պարտքեր ունի:
Շահադիտական նպատակով՝ միջնորդավճար ստանալու պայմանով, Սվետան Նոնային առաջարկել է միասին մեկնել Դուբայ ու բարձր վարձատրությամբ զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով նրան ապահովել հաճախորդներով, կացարանով և այլ պայմաններով:
Նոնա Մ.-ն համաձայնել է: Սվետան նրա անձնագրի պատճենի հիման վրա ստացել է Դուբայ մեկնելու վիզա, գնել է ինքնաթիռի տոմս: Այդ կերպ Սվետա Կ.-ն ՀՀ պետական սահմանը հատելով՝ անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով Նոնա Մ.-ին 2016 թվականի փետրվարի 26-ին տեղափոխել է Դուբայ, Նոնային այնտեղ ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ: Նոնան այդ «արհեստով» զբաղվել է մինչև մարտի 25-ը, այնուհետև վերադարձել են Հայաստան:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2016 թվականի ապրիլին Սվետան Նոնային նորից է առաջարկել մեկնել Դուբայ՝ նույն պայմաններով: Նոնան համաձայնել է: Սվետան նրան 2016 թվականի ապրիլի 15-ին տեղափոխել է Դուբայ, նպաստել է, որ Նոնան մինչև մայիսի սկիզբը զբաղվի պոռնկությամբ՝ այդ նպատակով նրան տրամադրել է կացարան ու ապահովել է հաճախորդներով:
Նախաքննական մարմինը Սվետա Կ.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 262 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում և դատական քննության ժամանակ Սվետա Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատարանում նա հայտնել է, թե Նոնային ճանաչել է իր կողքի հարևանուհու տանից՝ նա եղել է հարևանուհու քրոջ աղջիկը: Ինքը շատ մտերիմ է եղել հարևանուհու հետ, նրա տղայի բանակի քեֆի ժամանակ Նոնային տեսել է ընկերոջ հետ:
Դրանից հետո մի քանի անգամ հարևանուհու տանը դարձյալ տեսել է Նոնային, իմացել է, որ հարևանուհու քրոջ աղջիկն է: Հետո երկար տարիներ Նոնային չէր տեսել, նրա մասին տեղեկություններ չի ունեցել:
Մի անգամ էլ «Օդնոկլասնիկի» իր էջին նամակ է եկել. «Ես Նոնան եմ»: Նոնան հարցրել է իր գործերից՝ առևտուր անում է, թե չէ: Իր մասին Նոնան ասել է, թե մատուցողուհի է աշխատում, պարտքերի մեջ թաղված է՝ բանկերից գումարներ է վերցրել, պարտքով շորեր է առել, չի կարողանում այդ գումարները փակել:
Ինքը Նոնային ասել է, թե թոռնիկ ունի, երկու-երեք տարի է՝ Դուբայ չի գնացել, դրանից առաջ ինքը Դուբայ էր գնում, առևտուր էր անում: Թոռնիկի ծնվելուց հետո իր պայմանները որոշ չափով վատացել են, տունը «բանկի տակ է դրել», գումար է վերցրել, գնացել է Դուբայ՝ ապրանք բերելու: Այդպես՝ մի երկու անգամ գնացել-եկել է:
Նոնան իրեն նամակով ասել է, թե ցանկանում է հանդիպել, զրուցել և օգնություն խնդրել:
Իրենք հանդիպել են «ռայկոմում», հետո գնացել են «Երիցյաններ» նստել են մի տեղ, զրուցել են: Նոնան խնդրել է, որ ինքը նրան հետը Դուբայ տանի, ասել է, թե իր հետ կզբաղվի նույն գործով:
Ինքն ասել է, թե առևտուր է անում: Նոնան ասել է՝ ես էլ կանեմ, պրոբլեմ չկա: Նա ասել է, թե պատրաստ է ամեն ինչ անելու, «ով ինչ ուզում ա՝ խոսա»:
Ինքն ասել է՝ եթե ցանկանում է, կարող է իր հետ մեկնել Դուբայ: Բայց Նոնան ասել է, թե փող չունի: Խնդրել է, որ ինքն օգնի, նրա համար ինքնաթիռի տոմս առնի, խոստացել է Դուբայում պարտքը վերադարձնել: Ինքը համաձայնել է:
Նոնան անձնագիրը բերել է, ինքն այն ուղարկել համապատասխան օֆիս՝ վիզաները բացելու: Ինքն ասել է, թե նրա հետ կլինի, չի թողնի որ նեղացնեն, վիրավորեն:
Նոնան եկել է իր տուն, պատրաստվել է, միասին մեկնել են Դուբայ: Ինքը զանգել է Դուբայում գտնվող իր ընկերուհուն, ասել է, թե ընկերուհու հետ է գնում Դուբայ: Եթե համատեղ ապրեին, հյուրանոցի գումար քիչ կվճարեին:
Գնացել են այնտեղ, ամեն բան նորմալ է եղել, աշխատել են: Ինքը Նոնային օգնել է, բայց շահադիտական նպատակ չի ունեցել, հակառակը՝ ինքն է նրան գումար տվել, մինչև հիմա նա իրեն գումար է պարտք:
Սվետան առարկել է՝ Նոնան ասում է, թե իրեն առձեռն 500 դոլար է տվել, բայց նման բան չի եղել, նա իրեն ոչ մի գումար չի տվել: Նոնան իր աշխատած գումարը մոտն է պահել: Միասին գնացել են գնումներ կատարելու, նա իր փողով իր համար է գնումներ կատարել, ինքն իր փողով թոռնիկի համար է գնումներ կատարել: Պատահել է՝ ինքն իր գումարով Նոնայի համար էլ է բան առել՝ որպես նվեր: Գնացել են բանկ՝ միասին դոլար են փոխել, ամեն մեկն իր գումարը մոտն է պահել: Ամեն բան նորմալ է եղել:
Այնտեղ Նոնան հիվանդացել է, ինքը նրա համար ամեն բան արել է՝ շորերն է լվացել և այլն: Նա էլ իր համար է արել՝ իրենց մեջ վատ բան չի եղել:
Վերադարձել են Հայաստան: Երկրորդ անգամ Նոնան հղի էր: Վիրահատվել է՝ այդպես է ասում: Ինքն ասել է, թե գնալու է Դուբայ, նա խնդրել է իրեն էլ տանել: Նույն ձևով գնացել են: Մնացել են հյուրանոցում, նորից ամեն բան նորմալ է եղել: Ինքը մեղավոր չի, որ նա չի աշխատել, ինքն ի՞նչ պիտի աներ: Ինքը նրանից լավ է աշխատել, Նոնան նախանձել է: Ինքը Նոնային չի շահագործել, նրա գումարը չի կերել…
Ամբողջությամբ՝ 1in.am