Գյումրիում անդրադառնալով առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների թանկացմանը, Կարեն Կարապետյանն ասաց, թե որոշ ապրանքների գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում այդ ապրանքների թանկացմամբ, և «մենք չենք կարող այդ գները զսպել»:
«Ինչ վերաբերում է արտաքին շուկաներին, օրինակ՝ կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոսով է թանկացել (Հայաստանում), այն դեպքում, երբ միջազգային շուկայում 87 տոկոսով է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք: Մենք չենք կարող այդ գները զսպել: Այլ խնդիր, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել: Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- ասաց Կարապետյանը:
Իհարկե վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերից հեշտ է նման հայտարարություն անել: Նա չունի ֆինանսական խնդիրներ և կարող է «համբերատար վերաբերվել» թանկացումներին: Ավելի նա կարող է ուրախանալ թանկացումների համար, քանի որ դրանից շահում են իր օլիգարխ ընկերները:
Կարեն Կարապետյանի առաջարկը ընդունելի կլիներ, եթե ինքն էլ գնար խանութ մեկ կիլոգրամ կարագ գնելու համար, սակայն գումարը չբավականացնելու պատճառով գներ կես կիլոգրամ: Այդ ժամանակ հնարավոր կլիներ հասկանալ նրա առաջարկը, չէ որ երկրի վարչապետն էլ է «համբերատար վերաբերվում» թանկացումներին: Իսկ այս պարագայում նրա առաջարկը ուղղակի ծաղր է աղքատության մեջ ապրող հանրության նկատմամբ: