Արարատի մարզը աղբահանության և մաքրման աշխատանքներով պետք է դառնա լավագույնը, քանի որ զբոսաշրջային հիմնական ուղիներն անցնում են հենց այս մարզով: Հոկտեմբերի 21-ին համապետական շաբաթօրյակի շրջանակում Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը բարվոք գնահատեց մարզի աղբանության և մաքրության վիճակը:
«Արարատի մարզը մեզ համար մեծ կարևորություն ունի: Հիմնական տուրիստական ուղիներն անցնում են հենց այս մարզով՝ Խոր Վիրապը, Դվինի հնավայրը: Մարզը մաքրությամբ պետք է դառնա լավագույնը, քանի որ ամենաշատ օտարերկրացիները տեղափոխվում են այստեղով»,-ասաց Լոքյանը:
Նախարարի կարծիքով՝ ընդհանուր առմամբ մարզի վիճակը բարվոք է, սակայն դեռ չի կարելի ասել, որ այլևս անելիքներ չկան: Մարզում փակվել, կոնսեվացվել է շուրջ 100 աղբանոց, սակայն դա դեռ բավարար չէ: Պետք է խնդիրները վերացնել միասնական ջանքերով:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հավաստմամբ՝ մարզում այս տարի անցկացնում են արդեն 2-րդ շաբաթօրյակը: «Առաջինի ժամանակ կատարեցինք բավականին մեծ աշխատանք: Մոտ 240 աղբավայրերից այսօր արդեն ունենք ընդամենը 40-ը, որից 19-ն են մշտական աղբավայրեր: Դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ստանալու որոշակի ֆինանսավարում և մաքրելու նաև դրանք»,-ասաց մարզպետը:
Դավիթ Լոքյանը մարզպետի հետ ներկա գտնվեց Արտաշատ քաղաքի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հարակից տարածքում ծառատունկին, անձամբ տնկեց ծառերից մեկը: Մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին Արտաշատ քաղաքում հիմնելու նաև կաշտանի այգի: Նախարարն այցելեց նաև Դվինի հնավայր պատմամշակությաին տարածք, որտեղ ևս կատարվեցին մաքրման աշխատանքներ:
Արարատի մարզում շաբաթօրյակին մասնակցեց մոտ 18 000-20 000 մարդ, օգտագործվեց 240 տեխնիկա: Շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցեց շուրջ 99 հազար մարդ, 1006 կազմակերպություն: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել էր 1. 324 տեխնիկա: