Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն տարածեց, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է»:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում՝ Հրանտ Թոխատյանը նշեց, որ թեև ծանոթ է Զարուհի Փոստանջյանի հայտարարությաւնը, սակայն չունի ցանկություն ոչ հակադարձելու, ոչ էլ արձագանքելու. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ նայում իրերին, հիմա Զարուհի Փոստանջյանն այդպես է տեսնում, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Հրանտ Թոխատյանը:
Ճշտող հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում հոդվածում հրապարակված վիրավորանքներին՝ մասնավորապես, նախկին պատգամավորի կողմից իրեն տրված՝ «գավառական թամադա» որակմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկ ի՞նչ կարող եմ ես ասել Զարուհի Փոստանջյանին: Ոչինչ: Ոչ այս, ոչ էլ մյուս պիտակավորումների մասին որևէ բան չեմ խոսի»:
Հրանտ Թոխատյանը չցանկացավ մեկնաբանել նաև «Արվեստի այբուբեն» հիմնադրամի և իրեն փոխկապակցված անձ՝ Արամ Թոխատյանի մասին գրառմանը՝ նշելով, որ Արամ Թոխատյանն իր որդին է՝ չցանկանալով մեկնաբանել «Արվեստի այբուբեն»-ի վերաբերյալ Փոստանջյանի բերած դիտարկմանը:
Հիշեցնենք, որ, ըստ Փոստանջյանի, «Արվեստի այբուբեն» հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը և Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են` հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գավառական թամադայի հետ ներգրավված է շոու-բիզնեսի՝ շահույթ հետապնդող նախագծերում:
Նախկին պատգամավորը նաև նշում է, որ կարող ենք արձանագրել ևս մի հոյակապ կոռուպցիոն գործարք: ՀՀԿ-ն, իր գավառական նիստ վարողով, կրկին փայլում են: Երևանի քաղաքապետարան-շուկայում կուռուպցիան իր շլացուցիչ, զզվելի և գարշելի չափերով, ձայնով և դեմքով կրկին ի ցույց է դնում` կեղտից ազատման և կեղտոտված տարածքի ախտահարման անհրաժեշտությունը:
ՀՀԿ-ն կրկին պարգևատրում է իր ծառա գավառական թամադային: Պարգևատրում է լռության և ծառայամտության համար: Գավառական թամադան շատ լավ կատարել է իր առաքելությունը` լռել է: Ցավալի է, սակայն լռողների բանակը դեռ մեծամասնություն է կազմում: