«Որևէ մեկնաբանություն կամ կարծիք չեմ ցանկանում հայտնել, ինչ-որ եղավ, եղավ»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆհիդրոմետ ծառայությանօդերևութաբանության կենտրոնիպետ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով օրերս աղմուկ բարձրացրած միջադեպին, երբ ինքն անկեղծացել էր թե, ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ:
Դիտարկմանը` արդյո՞ք պատկերացնում էր, որ համացանցային օգտատերից շատերը կարող են նման բացասական մեկնաբանություններ թողնել, կամ էլ կանխատեսելի էր իր համար, որ Քանաքեռցի Տույին անդրադառնալը կարող էր այդչափ աղմուկ բարձրացնել, Սուրենյանն ասաց.
«Չէի սպասում նման արձագանքի, սակայն չեմ կարող բացատրել, թե ինչով է այդ ամենը պայմանավորված, իրենց անձնական կարծիքն է, ես ինչ կարող եմ ասել, հարգում եմ բոլոր կարծիքները»:
Սուրենյանը չմեկնաբանեց նաև մամուլում հայտնված տեղեկությունը, որի համաձայն` իրեն վերադասներից նկատողություն է եկել` պաշտոնական դիրքի չարաշահման համար:
Հիշեցնենք, որ կատարվածից հետո Գագիկ Սուրենյանը նկատողություն է ստացել իր վերադասից` պաշտոնական դիրքին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար: Այդ տեղեկությունը հաստատել են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հավելենք, որ Գագիկ Սուրենյանը Քանաքեռցի Տույի հետ հանդիպումն անվանել էր Աստծո պարգև` մասնավորապես նշելով հետևյալը.
«7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ… Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը… Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում:
Հեղինակ` Ա. Գրիգորյան