Լիպոսակցիա
Advertisement 1000 x 90

Լիպոսակցիա

Վերջին տարիներին սկսել են նորաձև համարվել նիհար կազմվածքով կանայք և աղջիկները, ինչի արդյունքում հորինվել են գիրացման դեմ պայքարի ամենատարբեր միջոցներ: Ոմանք նախընտրում են սպորտով զբաղվելու ամենահայտնի մեթոդը, ոմանք կիրառում են խիստ դիետաներ, մյուսները բավարարվում են «6-ից հետո մեռնեմ՝ բան չեմ ուտելու..» տարբերակով, շատերն էլ դիմում են վիրահատական միջամտության: Վերջինը գիրացման դեմ պայքարի ամենաթանկ միջոցն է, սակայն, մասնագետների կարծիքով, առողջությանը վնաս չի հասցնում, ինչը չի կարելի ասել սխալ դիետաների դեպքում:

Ներկայումս ամբողջ աշխարհում տարածված է նաև լիպոսակցիայի մեթոդը, որն արդեն մեկ տարի է, ինչ կիրառվում է Հայաստանում: Ծառայությունը գործում է Երևանի առաջին Կլինիկական հիվանդանոցում: Լիպոսակցիան ոչ վիրահատական մեթոդ է, որն իրենից ներկայացնում է ճարպի արտածծում: «Լիպո» նշանակում է՝ ճարպ, «սակցիա»՝ արտածծում: Կան լիպոսակցիայի տարբեր սարքեր: Վերջերս մշակված ուլտրաձայնային սարքի առավելությունն այն է, որ ուլտրաձայնային տատանումները մեծ էներգիայով ճարպի բջիջների կապերը քայքայում են, որի արդյունքում հեշտանում է արտածծումը:

Լիպոսակցիա արվում է ցանկացած զոնայում՝ ճարպի ավելցուկի դեպքում: Օրինակ՝ դեմքի շրջանում, պարանոցի, որովայնի, ազդրերի, կրծքի, ծնկների, վերջույթների և այլն: Սովորաբար այս փոքրիկ վիրահատությունն արվում է տեղային անզգայացման միջոցով, սակայն եթե մեծ քանակությամբ ճարպ է հեռացվելու, նախընտրելի է քնեցնել: «Որովայնի պլաստիկայի ժամանակ, եթե կա մեծ հյուսվածքային ավելցուկ, այդ ավելցուկը հեռացվում է վիրահատությամբ, որից հետո կոմբինացվում է լիպոսակցիան»,- ասում է պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը: Քանի որ լիպոսակցիան մեծ վիրահատություն չի համարվում, հետվիրահատական շրջանն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում: Եթե վերջույթների վիրահատություն է, հիվանդը 3-5 օր չպետք է քայլի, իսկ դրանից հետո կիսաանկողնային վիճակում ապաքինվի: «Եթե հիվանդը քայլում է, սկսում է հեղուկ արտադրվել, առաջանում են բարդություններ»,- ասում է վիրաբույժը: Նրա խոսքով` վիրահատությունն արվում է ոչ թե պատռվածքով, այլ` անցքերով: Կարելի է նույնիսկ մեկ անցքով վիրահատել:

Ծառայությունից օգտվողները հիմնականում միջին տարիքի կանայք են՝ 25-30 տարեկան: Արական սեռի դիմորդ մինչ օրս չի եղել: «Երբ դեռ լիպոսակցիայի սարք չունեինք, շատ էին դիմում, հիմա ունենք, դիմորդների թիվը պակասել է»,- ասում է Թեհմինեն:

Լիպոսակցիայի համար հարկավոր է 80-135 հազար դրամ: Գումարը կախված է ճարպի ծավալից: Շատերին հուզում է այն հարցը, թե արդյո՞ք լիպոսակցիայից հետո որոշ ժամանակ անց չի սկսվի գիրացման պրոցես: Վիրահատությունից առաջ վիրաբույժը ճշտում է, եթե հիվանդը հորմոնալ խնդիր ունի, ճիշտ սննդակարգ է նշանակվում:

Անի Մնացականյան

«3 Միլիոն»