Հայկական հավելվածներ՝ ճանապարհածախսը կիսելու ու ավելի մատչելի գնով երթևեկելու համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայկական հավելվածներ՝ ճանապարհածախսը կիսելու ու ավելի մատչելի գնով երթևեկելու համար

Digitec-Expo2016-ում այս տարի ներկայացված էր միանգամից երկու ստարտափ, որոնք նոր հարթակ են ստեղծում քարփուլի (carpool) համար։ Նախագծերի հեղինակները կարծում են, որ աշխարհում լայն տարածում ունեցող քարփուլի մշակույթը կտարածվի նաև Հայաստանում։ Այս համակարգը միավորում է այն վարորդներին և ուղևորներին, որոնք գնում են նույն ճանապարհով։

Share4Car նախագծի անդամ Միքայել Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհածախսը կիսելու շնորհիվ գներն ավելի մատչելի են դառնում ուղևորների համար. վարորդները ևս շահում են։ Նա ներկայացրեց այն մինիմալ գները, որոնցով գործարքներ են արել.

«Օրինակ՝ Երևան-Գյումրի՝ 800 դրամ, Երևան-Վանաձոր՝ 800 դրամ, Երևան-Թբիլիսի՝ 2500 դրամ, որը տաքսիների և երթուղայինների գներից մոտ 3 անգամ ցածր է»։ Նա նշեց, որ նախագծի վրա սկսել են աշխատել 2015թ. դեկտեմբեր ամսից, ու 2016թ. մայիս ամսից արդեն գործել են. «6 ամսվա ընթացքում մենք արդեն ունենք 10 հազարից ավելի օգտատեր, 8 հարյուրից ավելի վարորդ»։

Էքսպոյի ժամանակ ներկայացված էր 168.am-ի ընթերցողին հայտնի Gugas հավելվածը, որի մասին մենք արդեն ներկայացրել ենք։

Gugas-ի համահիմնադիր Կարլեն Մանասերյանը նշեց, որ հենց վաղը մեկնելու են Թեհրան, որտեղ ներկայացնելու են իրենց հավելվածը.

«Թեհրանում միջազգային ցուցահանդես է լինելու, որտեղ ներկայացնելու ենք Gugas-ը, փորձելու ենք շուկան ուսումնասիրել, համագործակցողներ գտնել և տեսնենք՝ ինչպես կարող ենք Gugas-ն այնտեղի շուկա էլ մտցնել։ Ուսումնասիրել ենք, ու քարփուլինգի մշակույթն Իրանում գործում է՝ առանց որևէ հավելվածի, տեխնոլոգիական տարբերակի միջոցով։ Հիմա եթե մենք ճիշտ մոտեցում ցույց տանք, կարծում ենք՝ կարող ենք այդ խնդիրը լուծել իրենց համար։ Բացի այդ՝ ցանկանում ենք մեր թիմը մեծացնել, քանի որ ունենք մեր երկրորդ ստարտափը (նկատի ունի հատուկ գրքասերների համար ստեղծվածBookoholics հավելվածը, որը ևս մանրամասն ներկայացրել ենք մեր ընթերցողին), և կան ծրագրեր երրորդ, չորրորդ ստարտափներ ստեղծելու ուղղությամբ. մենք բաց ենք նոր մարդկանց ընդունելու և նոր գաղափարները միասին իրագործելու համար»։

168.am