Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 46-ամյա տղամարդը, ով մեղադրվել է հորը սպանելու մեջ, ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից։ Դատարանն ապացուցված է համարել, որ նա արարքը կատարել է անմեղսունակության վիճակում։
Դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց` հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Ինչ մեղադրանք է առաջադրվել
Նախաքննության ընթացքում 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ իրենց տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային երկու դանակներով հարվածներ է հասցրել որովայնի, ծնոտի և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջաններին և սպանել նրան:
Նա կալանավորվել է։ Նախաքննության ընթացքում 46-ամյա տղամարդու նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, նա տեղավորվել է հոգեբուժական հաստատությունում: Հանձնաժողովի կողմից տրվել է նրա անմեղսունակության վերաբերյալ եզրակացություն, ինչից հետո քննիչի կողմից որոշումներ են կայացվել տղամարդու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ հարուցելու և նրա նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը վերացնելու մասին: Որպես անվտանգության միջոց է կիրառվել հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի բաժանմունքում տեղավորելը:
Քննիչի կողմից որոշում է կայացվել տղամարդու նկատմամբ, որպես անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի, բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին:
Ինչ ցուցմունք են տվել վկաները
Տուժողի իրավահաջորդ ճանաչված եղբայրը ցուցմունք է տվել, որ եղբայրը որդու հետ բնակվել է իր հարևանությամբ: Եղբորորդին տառապել է հոգեկան հիվանդությամբ և հոր հետ հաճախ է վիճաբանել: Դեպքի օրը, երբ ինքը գտնվել է տանը կից անասնագոմում, եղբորորդին եկել է իր մոտ և ասել, որ դանակով հարվածելով՝ սպանել է հորը: Ինքն անմիջապես գնացել է եղբոր տուն և վերջինիս տեսել խոհանոցի հատակին մեջքի վրա պառկած, արյունոտված և մահացած վիճակում:
Սպանվածի դուստրը հայտնել է, որ հայրն ու իր եղբայրը բնակվել են Գոռավան գյուղի իրենց հայրական տանը: Եղբայրը հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդ: Դեպքի օրն իրեն զանգահարել է հորեղբոր կինը և հայտնել, որ եղբայրը դանակով հարվածել է հորը: Նույն օրն ինքը գնացել է Գոռավան և տեղեկացել, որ եղբայրը դանակով հարվածներ է հասցրել հորը, իսկ երբ այդ դանակը կոտրվել է, վերցրել է մեկ այլ դանակ և դրանով կրկին հարվածներ հասցնելով՝ սպանել է նրան:
Հարևաններից մեկը որպես վկա հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ դեպքի օրն իրենց տուն է եկել 46-ամյա տղամարդը և կանչել իրեն: Ինքն ու կինը տանից դուրս գալով՝ տեսել են, որ նրա ձեռքերն ամբողջությամբ արյունոտված են: Այդ պահին տղամարդը լացելով ասել է, որ հորը դանակով հարվածելով՝ սպանել է, իրեն խնդրել է զանգահարել Ոստիկանություն, որպեսզի ոստիկանները գան և իրեն տանեն: Կինն անմիջապես զանգահարել է Ոստիկանություն, իսկ ինքը մնացել է տղամարդու մոտ: Այդ ընթացքում նա պատմել է, որ դանակով հարվածներ է հասցրել հորը, իսկ երբ այդ դանակը կոտրվել է, վերցրել է մեկ այլ դանակ և դրանով կրկին հարվածներ հասցնելով՝ սպանել է նրան:
18 վնասվածք
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` սպանված տղամարդու մահը վրա է հասել դեմքի, կրծքավանդակի, որովայնի, ձախ բազկի, աջ հետույքի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ, հեմոռագիկ շոկից: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են թվով 18 կտրած-ծակած վնասվածքներ, որոնցից 7 հատը թափանցող են, իսկ մնացածները` չթափանցող:
Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն` 46-ամյա տղամարդը տառապել և տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև դեֆեկտային վիճակ» հոգեկան հիվանությամբ: Հանցավոր արարքը կատարելու պահին գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես՝ իր անձի, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի հարկադրական բուժման` հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Դատարանը հանգել է հետևության, որ 46-ամյա տղամարդը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքին: Դրա հետ մեկտեղ՝ դատարանն ապացուցված է համարել, որ այդ արարքը տղամարդու կողմից կատարվել է անմեղսունակության վիճակում: Դատարանն արձանագրել է, որ տղամարդը շարունակում է գտնվել անմեղսունակության վիճակում և կարիք ունի բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման՝ հարկադիր բուժման հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում: