«Հոկտեմբերի 30-ի չարագուշակ խորհուրդը»
Advertisement 1000 x 90

«Հոկտեմբերի 30-ի չարագուշակ խորհուրդը»

Ռուբեն Շուխյանի Facebook-յան էջից.

«Հոկտեմբերի 30-ը՝ 1920 թվականին թուրքերի կողմից հայկական Կարսի գրավման օրն է: Միաժամանակ, ամենայն հավանականությամբ՝ ոչ պատահական զուգադիպությամբ, այսօր, հոկտեմբերի 30-ին, Բաքվում կայացել է Կարս-Թբիլիսի-Բաքու նորակառույց երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը: Թուրքիայի ազգայնական ղեկավար Էրդողանը, հերթական անգամ հելոուինի իր սիրած կերպարի մեջ մտնելով, առիթը բաց չի թողել, որ շարունակի Աբդուլ Համիդից սկսած և մինչ այժմ թուրքական կառավարական շրջանակների կողմից շարունակվող հայ ժողովրդի հանդեպ ատելության հանցավոր քարոզչությունն ու քաղաքակությունը: Բաքվում Էրդողանն ասել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»:

Վերջին տարիներին մեր պատմության այդ չարաբաստիկ ֆիասկոյի՝ Կարսի անկմանը վերաբերող նոր փաստաթղթեր են ի հայտ եկել, որը մեզ հնարավորություն տվեց ավելի իրազեկված լինել այդ օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Հայտնի է՝ Կարսն ընկավ Քեմալական Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի կողմից նախապես և մանրամասնորեն մշակված համատեղ գործողություններից հետո, որի արդյունքում Հայաստանը օկուպացվեց թուրքական և ռուսական զինուժի կողմից: Բայց ինչու՞ իրենց համար այդքան դյուրին ստացվեց այդ ամենի իրագործումը՝ չէ որ մենք և բանակ ունեինք, և զինամթերք: Ահա հենց այս հարցադրումը նույնպես շատ կարևոր է, և այդ առումով 1920-ի Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հրապարակված հուշերը պատմության մինչ այժմ որոշ փակ ծալքեր բացեցին մեզ համար:

Հիշենք Նժդեհի հայտնի խոսքերը. «Հիվանդ, դժբախտ իմ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր բոլոր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների եւ փրկությունը հուսալ միայն արտաքին ուժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի եւ խանդավառության` երբ օտարը խոստումներ է տալիս, եւ նույնքան տարօրինակ հիասթափության եւ հուսալքումի` երբ նա դրժում է այդ խոստումները: Աղետալի մի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք» («Բաց նամակներ հայ մտավորականությանը»):

Վերադառնանք մեր օրերին: Հիմա, ինչպես տեսնում ենք, այն պետությունները, որոնց Սովետական Ռուսաստանը այդքան շռայլորեն նվիրաբերեց հայկական տարածքները՝ Թուրքիան, Ադրբեջանը, և կողքից էլ հայկական Ջավախքին տեր դարձած Վրաստանը, կառուցեցին Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Այստեղ հարց է առաջանում. բայց ու՞մ տարածքով է անցնում այդ երկաթգիծը, չէ՞ որ Կարսի մարզը փաստացի Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքն է, որը հետո վերաբնակեցվեց քրդերով: Սակայն՝ ո՞վ գիտի դրա մասին: Ցավոք՝ միայն մենք:

Ներկա իրականությունը կարող էր լրիվ այլ լիներ, եթե 1991-ի անկախության հենց առաջին ամիսներին Հայաստանը պաշտոնապես չեղարկեր 1921-ի Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական խայտառակ պայմանագրերը: Այդ դեպքում հիմա արդեն, հավատացեք, նույն Ռուսասատանի հետ էլ կարող էինք ունենալ շատ ավելի արժանապատիվ հարաբերություններ, քան ներկայումս է: Բայց դա չեղավ, և Կարսն ու Նախիջևանը, ցավոք, այդպես էլ մնացին Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրից դուրս, այնինչ ճշգրիտ հաշվարկի դեպքում նրանք կարող էին կարևոր գործոն հանդիսանալ Արցախի խնդրի վերջնական կարգավորման և տարածաշրջանում մեր երկրի վարկանիշի բարձրացման համար:

Ավարտենք Նժդեհից ևս մեկ մեջբերումով. «Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է` զուր կորուստներ ունենալը: Այսինքն՝ անցյալի դեպքերից խրատվել ու սթափվել չիմանալը: Իսկ ավելի պարզ՝ աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ և հենց իրենք՝ ժողովուրդները» («Բաց նամակներ հայ մտավորականությանը»)»:



Նման նյութեր