
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից:
Վերաբացվելու ժամկետների մասին նա դժվարացավ հստակ տեղեկություն տրամադրել: Ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե իրավապահները տարածքում աշխատելու որքան անհրաժեշտություն կունենան:
«Մանուշակ» մանկապարտեզում երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 36-ամյա Արգամ Հովիկյանը չորս ժամ պատանդ էր պահել հաստատության սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին՝ պահանջելով նախկին կնոջը:
Ի վերջո, ոստիկանների հատուկ գործողության շնորհիվ (որի ընթացքում նաև հնչել էին կրակոցներ) հաջողվել էր ազատել երեխային: Արգամ Հովիկյանը վնասել էր ինքն իրեն, նաև վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա տատին, որը մանկապարտեզի տնօրենն է: