
Դպրոցական պայուսակների քաշը հաճախ առաջացնում է ֆիզիկական լարվածություն: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է այնպիսի դասացուցակի ընտրություն, որ դասգրքերի առկայություն պահանջող առարկաները քիչ լինեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով սեմինար-քննարկմանն այս մասին ասաց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
«Ուսումնական գործընթացում երբեմն առաջանում են խնդիրներ, որոնք կախված են մեզնից՝ կրթական համակարգից: Օրինակ՝ դպրոցական պայուսակների քաշը հաճախ առաջացնում է ֆիզիկական լարվածություն: Դա վտանգավոր է, քանի որ շարունակական բնույթ ունի՝ աշակերտն ամեն օր կրում է այդ պայուսակը»,- ասաց նա ու հավելեց՝ լուծումը պարզ է՝ դասգրքերի քաշի սահմանափակում:
Դասացուցակը պետք է կազմվի այնպես, որ դասգրքերի առկայություն պահանջող առարկաները քիչ լինեն: Դասացուցակ կազմելու համար կան որոշակի կարգավորումներ: Ղուկասյանի կարծիքով՝ սեմինար-քննարկման շրջանակում ևս մեկ անգամ պետք է բոլորի ուշադրությունը հրավիրել դրանց վրա: