Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երևանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի սրահում իրեն բռնաբարել է:
Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տաքսիստը բռնաբարության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է, դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Բռնաբարության գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:
Ռուս կինը դեռևս գտնվում է Հայաստանում: Բռնաբարության կապակցությամբ իրավապահներին հղած բողոքը ետ վերցնելու համար նա նախկինում Ճոճկանի բնակիչ տաքսիստի հորից շորթումի գործով կասկածյալ էր, այժմ նրա այդ կարգավիճակը վերացվել է:
Տաքսիստը ռուս կնոջը Բագրատաշենի սահմանային անցակետից Երևան պետք է տեղափոխեր, սակայն Նոյեմբերյանի ոլորաններում կատարած գործողությունից հետո, նրան երեկոյան թողել է ճանապարհին, անձրևի տակ: