Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ, նոյեմբերի 1-ին որոշեց, որ անվանի արտիստի հոգեհանգստյան արարողությունը Թատրոնում տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի4-ին, ժամը 11։00-ից 13։00-ն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ալեքսանդր Գրիգորյանի հարազատներին և հանձնաժողովի անդամներին ցավակցությունը փոխանցելիս նախարար Արմեն Ամիրյանն ավելացրեց.
«Բոլորիս եմ ցավակցում. բոլորս էլ կորցրինք մի մարդու, ում ընկերն ենք եղել երկար տարիներ, ես՝ նաև ուսանողը… Մենք կորցրինք լավ ընկերոջը, հրաշալի արվեստագետին, որի թողած հետքը մնալու է հետագա սերունդների երևակայության մեջ։ Համոզված եմ, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի ռեժիսորները, դերասանները, մյուս արվեստագետները դեռ երկար ժամանակ պահպանելու են նրա արվեստական դավանանքը»։
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո:
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964 թ. հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատեց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:
Ա. Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ» և այլն:
2000 թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001 թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր:
1978 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, 1999 թ.` ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել է ՌԴ Նախագահի«Բարեկամություն» շքանշանով:
2010 թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012 թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
2017 թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2017 թ. ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը: