Միջավայրի աղտոտվածությունը հնարավոր է որոշել նաև կենդանիների ԴՆԹ-ի վնասվածքների միջոցով. times.am
Advertisement 1000 x 90

Միջավայրի աղտոտվածությունը հնարավոր է որոշել նաև կենդանիների ԴՆԹ-ի վնասվածքների միջոցով. times.am

Հետազոտությունների նոր ուղղությունն ու նորարար կենսաբանը

Բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ առաջին գործնական քայլերն անելուն զուգահեռ աստիճանաբար փոխվեցին Աննա Սիմոնյանի մտադրություններն ու պատկերացումները: Երկրորդ կուրսից մարդու գենետիկական հետազոտություններով զբաղվող Աննայի՝ բժիշկ դառնալու վաղեմի ցանկությունը մրցակցությունից դուրս մնաց՝ տեղը զիջելով կենսաբանին, և ապագա կենսաբանի մոտ ծագած միտքը կարճ ժամանակ անց ոչ միայն իրագործվեց, այլև գենետիկական ուսումնասիրությունների համար նոր ճակատ բացեց: ԴՆԹ-կոմետ մեթոդը, որը թույլ է տալիս գնահատել ԴՆԹ-ի վնասվածքները և որը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում երկար տարիներ կիրառվում էր մարդու բջիջներում և բջջային գծերում, Աննան և նրա ղեկավար Գալինա Հովհաննիսյանն առաջարկեցին կիրառել նաև կենդանիների մոտ: Այս դեպքում ԴՆԹ-կոմետ մեթոդով պետք է գնահատվեր միջավայրի աղտոտվածության մակարդակը: Ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանի հավանությանն արժանացած գաղափարն իսկույն ևեթ կյանքի կոչվեց` կենսացուցիչ օրգանիզմների գենետիկական չափանիշներով համալրելով աղտոտիչների քիմիական վերլուծության մեթոդը:

Առաջին միջավայրը, որի աղտոտվածությունը որոշվեց պարզել նոր մեթոդով, ջրայինն էր, առաջին կենսացուցիչն էլ՝ ձուկը։ Սուպերմարկետից գնված «Իշխանը», ջրով լի տարայով տեղափոխվելով լաբորատորիա, դարձավ էկոգենետիկական թունաբանության «առաջնեկը»: Դրանից հետո ջրի աղտոտվածության և նրա կենդանական աշխարհի ներկայացուցիչների ԴՆԹ-ի վնասվածության միջև կապը հասկանալու համար սկսեցին կիրառվել Սևանի տարբեր հատվածներից նմուշառված ձկներն ու խեցգետինները: Դրանք ձեռք բերելու համար, սակայն, Աննան ստիպված չէր լինում հասնել Սևան. Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը երիտասարդ գիտնականին տրամադրում էր նմուշները:

Այն, ինչ պարզվեց փորձերի արդյունքում, լիովին համապատասխանում էր կանխատեսումներին. համեմատաբար շատ աղտոտված միջավայրերից նմուշառված կենդանիների ԴՆԹ-ի վնասվածքների մակարդակը զգալի մեծ էր քիչ աղտոտված միջավայրերից նմուշառվածների համեմատ :

Ջրային միջավայրի աղտոտվածության գնահատման համար կիրառված մեթոդը ոչ պակաս արդյունավետ եղավ նաև հողերի աղտոտվածությունը գնահատելու դեպքում։ «2013 թվականից՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի դրամաշնորհը շահելուց հետո սկսեցի ուսումնասիրել նաև հողերի գենաթունային աղտոտվածությունը` որպես կենսացուցիչներ կիրառելով ՀՀ տարբեր հատվածներից նմուշառված կուսածին և երկսեռ մողեսներին (դրանք տրամադրել է Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինա Առաքելյանը): Աշխատանքի արդյունքները ցույց տվեցին ուղղակի կապ հողի աղտոտվածության և մողեսների մոտ գենետիկական խաթարումների մակարդակի միջև: Օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շրջակայքից նմուշառված մողեսների մոտ ԴՆԹ վնասվածության մակարդակը ավելի բարձր էր Շիկահողի պետական արգելոցից նմուշառվածների համեմատ: Կորելացիոն վերլուծությունը թույլ տվեց պարզել, որ Քաջարանի հողի նմուշներում հիմնական աղտոտիչները պղինձն ու մոլիբդենն են (ջրում և հողում տարածված աղտոտիչներին հայտնաբերել է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանը)»,-ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Սիմոնյանը։

Ոչ թե խելացի երևալ, այլ` մատչելի մատուցել

Գործնական փուլում դեռևս այսքանն են հասցրել անել, բայց, հավաստիացնում են, նոր մեթոդների ու տեխնոլոգիաների փնտրտուքը կշարունակեն. «Կենսացուցիչների մոտ ԴՆԹ-կոմետ մեթոդից բացի կիրառում ենք նաև միկրոկորիզային թեստը, որը հնարավորություն է տալիս գնահատելու քրոմոսոմային վնասվածքները, որոնք վերականգնման ենթակա չեն։ Ինչպես գիտենք, ԴՆԹ վնասվածքների մի մասը ժամանակի ընթացքում վերականգնվելու հատկություն ունեն, իսկ քրոմոսոմայինները՝ ոչ»,-պարզաբանում է երիտասարդ կենսաբանը։

Այն, ինչ անում է Աննան լաբորատորիայի դռներից ներս, պարտադիր ներգրավում է նաև իր ուսանողներին։ 2012թ. ասպիրանտուրա ընդունվելուց հետո, որպես դասախոս լսարան մտած երիտասարդ մասնագետը ջանում է ապագա կենսաբաններին տալ այն ամենը, ինչ գիտի. «Ես մեծ հաճույք եմ ստանում ուսանողներիս հետ աշխատելիս: Կարծում եմ՝ այդ համագործակցությունը շատ արդյունավետ է։ Որպես ապացույց՝ մեկ օրինակ բերեմ. իմ ուսանողուհին գործուղվել է Գերմանիա և այնտեղ է աշխատում հիմա: Շատ հաճելի է, երբ ուսանողդ դառնում է քո գործընկերը: Զարգանալու և առհասարակ գիտությունը զարգացնելու համար փորձի փոխանակումը շատ կարևոր է։ Գիտությունը չի կարող մեկուսացված զարգանալ, պետք է անընդհատ դուրս գնալ, համատեղ ծրագրեր անել արտասահմանցի գործընկերների հետ, իսկ դրա համար, բացի մասնագիտական գիտելիքներից, շատ կարևոր է նաև օտար լեզուների իմացությունը։ Գիտական ձեռքբերումներից ու զարգացումներից ետ չմնալու համար դա որոշիչ գործոն է»։

Աննա Սիմոնյանը չի պատկանում այն դասախոսների շարքին, ովքեր գիտական տերմինաբանությունից այն կողմ ոչ մի բառ ո´չ ասում են, ո´չ էլ ուսանողին են թույլ տալիս ասել։ Կենցաղից բերված դիպուկ ու հումորային օրինակներով ասելիքը լսարանին հասցնող կենսաբանը ջանում է ոչ թե խելացի երևալ, այլ՝ մատչելի մատուցել։ Նրա համոզմամբ՝ ցանկացած նյութ կարելի է և´ շատ բարդ բացատրել, և´ շատ պարզ ու մատչելի։ Վերջին տարբերակը գերադասող կենսաբանը դրա արդարացվածության մեջ քանիցս հասցրել է համոզվել. տարիներ անց համալսարանականները հիշում են միայն մատչելի մատուցված և կյանքից բերված օրինակներով հագեցած նյութերը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

times.am