Մարզերում աղքատությունը հաղթահարելու նպատակով հատկացված գումարները հասցեատերերին չեն հասել։ ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է, թե ուր են անհետացել աղքատներին ուղղված աջակցությունները։
ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով աղքատության նվազեցնելու ծրագրով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներն իրական հասցեատերերին չեն հասել և նպատակին չեն ծառայել։
Քննչական կոմիտեն բացահայտել է, որ դրամաշնորհի գումարները հափշտակել է ծրագրում ներգրավված հասարակական կազմակերպության նախագահը։ Նա կազմել է կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, ապա ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի աջակցությամբ դրանց դիմաց գումար ստացել։ Քրեական գործի տվյալներով, ՀԿ-ն երկու ծրագրի համար հատկացված դրամաշնորհներից այս ճանապարհով հափշտակել է 300 000 եվրո։
2017թ. նոյեմբերի 3-ին բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար։
Թե որ բարեգործական կազմակերպության մասին է խոսքը և ով է դրա նախագահը, ՔԿ-ը չի բացահայտում, փոխարենը ս.թ. ապրիլին առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար մեղադրանք էր առաջադրվել և կալանավորվել ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի նախկին ղեկավար Մարինե Պապյանը։
Որպես մեղադրյալ գործում ներգրավված են նաև ՀՀ քաղաքացիներ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը: