Ջազային շաբաթը Երևանում ավարտված է. Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային ջազ փառատոնի փակումը, որը նշանավորվեց Գոնսալո Ռուբալկաբայի դաշնամուրային ելույթով։
Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
Փառատոնի գալա համերգի առաջին հատվածում հանդիսատեսը վայելեց Վահագն Հայրապետյան կվինտետի կատարումները։ Նրանց միացավ Ալեքսիս Ավագյանը, որը, չնայած ազգությամբ հայ է, առաջին անգամ է Հայաստանում։ Հատկանշական է, որ սաքսոֆոնահար առաջին ելույթը Երևանում կայացավ իր տարեդարձի օրը։
Վահագն Հայրապետյանն ու երաժիշտները բեմից հեռացան նվագելով, նրանք արդեն հետնաբեմում էին, իսկ հանդիսատեսը լսում էր վերջին հնչյունները։
Հաջորդիվ հերթը հյուրինն էր։ Դահլիճի լույսերը մթնեցին։ Հանդիսատեսի ջերմ ծափերի ներքո բեմ բարձրացավ Գոնսալո Ռուբալկաբան։
Նրան ներկայացնելիս երեկոյի հաղորդավարները` Ժակն ու Արման Մարգարյանը նկատեցին, որ կուբացի երաժշտին հաջողվել է դառնալ Գրեմմի քառակի մրցանակակիր` չնայած սառը պատերազմին։ Կենդանի հնչողությամբ երաժշտին լսելուց հետո այս փաստը նույնիսկ զարմանք չէր առաջացնում։ Նրա դաշնամուրային կատարումները կլանեցին ամբողջ դահլիճը։
Երաժշտի երևանյան ելույթը տպավորվեց որպես Yerevan Jazz Fest–ի անմոռանալի երեկոներից մեկը։ Եթե փառատոնի բացմանը Մարկուս Միլլերը հանդիսատեսին պարգևեց խելահեղ էներգետիկ ռիթմերով համերգ, Գոնսալո Ռուբալկաբան միջոցառումները եզրափակեց` հանդիսատեսին տալով խաղաղ էներգետիկա։
«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ այստեղ եմ։ Առաջին անգամ եմ Հայաստանում, հուսով եմ` դեռ կվերադառնամ։ Նմանօրինակ փառատոները դաշնակահարի համար ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն են»,– ասաց աշխարհահռչակ երաժիշտը։
Ամբողջությամբ՝ life.tert.am