
«Սասնա Ծռեր»-1-ի գործով այսօրվա դատական նիստում, ինչպես և սպասվում էր, պաշտպանների մեծ մասը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին, ներկայացել էին միայն փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը, Հայկ Ալումյանը և Մուշեղ Շուշանյանը:
Դատական նիստին ներկա պաշտպանները նորից հայտնել են, որ իրենք չեն կարող շաբաթը երկու օր նիստերին մասնակցել՝ այլ դատերով զբաղվածության պատճառով: Դատարանը խոստացել է այդ հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, երբ բոլոր պաշտպանները ներկա կլինեն:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է վերացնել մերձավոր հարազատների և ևս երեք ազգականի հետ իր պաշտպանյալի տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը՝ դատարանը բավարարել է միջնորդությունը:
Հայկ Ալումյանը հայտարարել է նաև, որ ինքը հաջորդ նիստին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու:
Ի դեպ, գործով ամբաստանյալները շարունակել են դժգոհել իրենց «ամբաստանյալ»-ով դիմելուց: Այսօրվա դատական նիստում այդպիսի դժգոհություն է հայտնել Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»: Նա հայտարարել է, որ իրենք ամբաստանյալներ չեն, իրենք ազատամարտիկներ են: