Մենք ձեզ չենք վստահում. ԵՊՀ ուսանողը՝ ԿԳ նախարարին. armlife.am
Advertisement 1000 x 90

Մենք ձեզ չենք վստահում. ԵՊՀ ուսանողը՝ ԿԳ նախարարին. armlife.am

2 օր է, ինչ դասադուլ հայտարարած ուսանողները պահանջում են հանդիպել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Անգամ անձրևը չխանգարեց, որպեսզի նրանք երթով շարժվեն դեպի ԿԳ նախարարություն:

Նախարարն առաջարկեց ընդունել ուսանողների 10 հոգուց բաղկացած խմբին: Հանդիպման ընթացքում՝ ուսանողներն իրենց անվստահությունը հայտնեցին ԿԳ նախարարությանը.

«Մենք ձեզ չենք վստահում, որովհետև 3 շաբաթ մեր կոչերին՝ որևէ արձագանք չի եղել: Հիմա մենք բարձրացնում ենք մի քանի հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում և կօգնի ստեղծել վստահության մթնոլորտ՝ քննարկել օրենքի նախագիծն ըստ էության»,- նշեցին հանդիպման մասնակիցները՝ նախարարից նաև հետաքրքրվելով, թե ինչու են առավոտից փակ ԵՊՀ-ի դռները, որով խոչընդոտում է ուսանողների ազատ կամարտահայտումը:

Ի պատասխան դիտարկմանը՝ նախարարն էլ իր կարծիքը հայտնեց. «Ես էլ իրավունք ունեմ ունենալ անվստահության աստիճան, շատ կարևոր է հասկանալ դասադուլի բուն պատճառը, որով երիտասարդներին պիտի առաջարկենք չկատարել իրենց պարտականությունը, որովհետև ուսնաողի պարտականությունը՝ դասի գնալն է»,- նշեց Լ. Մկրտչյանը՝ առաջարկելով քննարկել խնդրի բովանդակությունը:

Ուսանողները ևս մեկ անգամ նշեցին, որ պետք չէ բանակը խառնել տարկետման ինստիտուտի հետ: Ըստ նրանց՝ նման համակարգային  փոփոխությունները կարող են անգամ խնդիրներ առաջացնել բանակում. «Պաշտպանության նախարարը նշել է, որ մագիստրատուրա, ասպիրանտուրա սովորած տղաները, եթե գնան բանակ՝ իրենք որակ կփոխեն: Այստեղ հակասություն է առաջանում: Մյուս հանգամանքը՝ մենք ասում ենք՝ բերեք հետազոտություն, վերլուծություն, որը կհիմնավորի այն, որ գիտությամբ զբաղվողը՝ գիտությամբ կզբաղվի»,-նշեց ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը:

Ուսանողներն առաջարկում են՝ Աժ-ում սառեցնել օրենքի նախագիծը և լայն քննարկումներ կազմակերպել, մինչդեռ նախարարի անձնական կարծիքով՝ խնդիրները, որոնք կան, հնարավոր է լուծել, բայց ԱԺ մտած օրենքի նախագծի շրջանակում: Նախարարը չի կարծում, որ այս նախագիծը ենթակա է հետ վերադարձման:

Ուսանողներն էլ նշեցին, որ շարունակելու են դասադուլը:

Հիշեցնենք, որ այս նախագծով տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ և կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

armlife.am