Կառավարությունում փնտրվում է ՏՏ ոլորտից հասկացող գոնե պահակ. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կառավարությունում փնտրվում է ՏՏ ոլորտից հասկացող գոնե պահակ. 1in.am

Կառավարությունում չկա այն մարդը, որի հետ ՏՏ ոլորտի կարևոր ծրագրերից, դրանցից հրաժարվելու ռիսկերից խոսենք ու ինքը հասկանա։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Թող նախարարը չլինի, թող լինի կառավարության պահակը, որ մենք կարողանանք էդ մարդու հետ խոսենք, ինչ-որ տրամաբանական շղթա իրար հետ ձևավորենք, ցավոք սրտի, չկա այդ տրամաբանական շղթան, չի ստացվում ձևավորել»,- շեշտեց նա։

Կարեն Վարդանյանը մանրամասնեց, որ մի շարք ծրագրերի իրականացման մասով կան մտահոգություններ, դրանք վտանգված են։ Նա ընդգծեց, որ արդեն իսկ ահազանգել է հայ-եթովպիական համագործակցությանը, «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաներ՝ նախագծի, համաշխարհային IT կոնգրեսի անցկացման հարցերի վերաբերյալ։ Կարեն Վարդանյանն ասաց, որ մի քանի տարի առաջ, ի շնորհիվ Արա Պապյանի, որը կապեր ուներ Եթովպիայի հայ համայնքի հետ, և ի շնորհիվ Թամար Գևորգյանի, որը ներկայացնում է համայնքը, կարողացել են համագործակցություն սկսել Եթովպիայի հետ, հետագայում Թամար Գևորգյանին տրվել է ՀՀ վարչապետի խորհրդականի կարգավիճակ հասարակական հիմունքներով։ Նա գրեթե 1․5 տարի արդյունավետ աշխատել է, սակայն այժմ, առանց հիմնավորման, Կարեն Կարապետյանը նրան ազատել է պաշտոնից։ Մեկ այլ մտահոգիչ հարց կա, 2019թ-ին համաշխարհային IT կոնգրեսի անցկացման համար կառավարությունը հրաժարվում է գումար տրամադրել, կոնգրեսի չանցկացնելն էլ լուրջ կվտանգի ՀՀ ՏՏ ոլորտին։ Դա այնպիսի միջոցառում է, որն իր հարկի տակ է հավաքում աշխարհի տեխնոլոգիական ոլորտի շուրջ 2000 ամենախոշոր խաղացողներին և որոշում կայացնողներին, որից հետո այն ընդունող երկրները, սովորաբար, շեշտակի վերելք են ապրում:

«Այսօրվա մեր խոսակցությունը ընդամենը ահազանգ է 2 նպատակով՝ մեկը, որ կառավարությունում ինչ-որ ողջախոհ մարդ գտնվի, երկրորդը՝ եթե կառավարությունը չի աջակցում այդ ծարգիրը անենք, ՀՀ-ում կգտնվեն տասնյակ, հարյուրավոր ողջախոհ մարդիկ, իրար հետ կհավաքվենք և այդ ծրագիրը կիրականացնենք։ Մեզ հետաքրքրում է Հայաստանի իմիջը, մեզ հետաքրքրում է Հայաստանի բարի անունը։ Այնպես չէ, որ ասում ենք՝ եթե չեն ֆինանսավորում, չենք անելու կամ ջանք չենք թափելու, քրտինքով է, արյունով է, ոնց էլ լինի՝ անելու ենք»,- ասաց Կարեն Վարդանյանը։

1in.am