Հերացու անվան բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի գրառումը Facebook-ի իր էջում բանակային ծառայության մասին:
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զինծառայության մասին օրինագծի վերաբերյալ թույլ տվեք հայտնել իմ և շատ բժիշկների տեսակետը. Ավարտելով Երևանի Պետական Բժշկական Համալսարանը ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա, որտեղ պետք է սովորեի 2003-2006 թ.:
Սակայն ասպիրանտուրայի առաջին իսկ տարին, սեփական դիմումի համաձայն,վերցնելով ակադեմիական արձակուրդ, մեկնեցի զինծառայության՝ ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-սպա: Անգնահատելի է այն բժշկական փորձը և գիտելիքները, որոնք ձեռք բերեցի բանակում ծառայելու ժամանակ, ռազմական բժշկության բնագավառում բժիշկները կուտակում են շատ մեծ փորձ և հմտություններ, որոնք բացառիկ կարևոր նշանակություն են ունենում իրենց հետագա կլինիկական և կազմակերպչական աշխատանքում: Այնուհետև շարունակելով ուսումս ասպիրանտուրայում՝ հաջողությամբ պաշտպանեցի ատենախոսությունը:
Իմ շատ բժիշկ ընկերներ զինծառության տարիներին հավաքեցին մեծաքանակ առաջնային նյութ / հիվանդությունների դեպքեր /, որոնց հիման վրա փայլուն կերպով պաշտպանեցին ատենախոսություններ: Համոզված եմ նաև, որ բոլոր մասնագիտությունների պարագայում նույնպես, բանակը նպաստում է տվյալ մասնագետի կայացմանը, ստեղծում լուրջ և լայնածավալ դաշտ նաև գիտական գործունեության համար: Միայն ցանկություն է պետք: