Այն տարածված տեսակետը, թե իբր բոլոր բնական բաները լավ ու օգտակար են, իսկ այն ամենն, ինչ արհեստական է՝ վնասակար, իրականությանը չի համապատասխանում, վստահեցնում է հանրային առողջապահության հարցերով մասնագետ Արսեն Թորոսյանը։ Վիրուսներն ու բակտերիաները, օրինակ, միանգամայն բնական են, բայց դրանք հարյուրամյակներով սպանում են մարդկանց։ Իսկ «ոչ բնական» պատվաստանյութերը պաշտպանում են մարդկանց պաթոգեններից։
Արսեն Թորոսյանը նշեց, որ հակառակ տարածված տեսակետին՝ իմունիզացիան լուծում է խնդիրները , այլ ոչ թե ստեղծում դրանք, ավելին՝ այն օգնում է փոքր ծախսերով պաշտպանել հսկայական քանակությամբ մարդկանց հիվանդությունների մի ամբողջ շարքից։ Հենց իմունիզացիայի շնորհիվ է, մասնագետի խոսքով, հաջողվել արմատախիլ անել մի շարք վտանգավոր հիվանդություններ, այդ թվում՝ բնական ծաղիկը, մի քանի այլ հիվանդություններ էլ մոտ ապագայում կանհետանան։ Արսեն Թորոսյանը վստահ է, որ շուտով մենք կարձանագրենք երկրագնդի վրա պոլիոմելիթի վերջին դեպքը։
Անասնաբույժ Գեորգի Ավետիսյանն էլ իր հերթին նշեց, որ պատվաստումների դեմ սովորաբար հանդես են գալիս աղանդավորները ու այն մարդիկ, որոնք հավատում են «համաշխարհային դավադրությունների» ու «դեղագործական ընկերությունների գաղտնի դավադրությունների» գոյությանը։ Բայց իրականում պատվաստման դեմ այդ բոլոր փաստարկները, այդ թվում այն հայտարարությունները՝ իբրև պատվաստանյութերը կարող են հանգեցնել աուտիզմի զարգացմանը կամ էլ մարդուն հաշմանդամ դարձնել, որևէ գիտական հիմք չունեն:
Անասնաբույժի խոսքով՝ մարդիկ, որոնք տանը շուն են պահում, պատրաստակամությամբ պատվաստում են դրանց (6-8 վալենտային պատվաստանյութերով), քանի որ դրանց ընտանիքի անդամ են համարում ու հոգ տանում դրանց առողջության մասին։ Ընդ որում ՝ պատվաստումների դեմ շարժումը շներին բարեբախտաբար չի վերաբերում, դրա համար էլ ոչ ոք կոչ չի անում հրաժարվել շների պատվաստումից ու հույսը դնում այն բանի վրա, որ շունը զգույշ կլինի ու ոչնչով չի վարակվի։
«Դուք երբևէ տեսե՞լ եք որևէ շան, որը հիվանդացել է աուտիզմով պատվաստումից հետո։ Կամ կով, որը հաշմանդամ է դարձել պատվաստումից հետո»,- հարցրեց անասնաբույժը։