Տոկիոյի պրեֆեկտուրայի կառավարությունը ձեռնամուխ է լինում այն ռոբոտների թեստավորմանը, որոնք դիմավորելու են 2020 թվականի Օլիմպիադայի օտարերկրյա հյուրերին:
Առաջին նման օգնականները հայտնվել են Ճապոնիայի մայրաքաղաքի կառավարության շենքում, որը գտնվում է երկնաքերների նշանավոր շրջանում՝ Սինձյուկույում:
Գրեթե լիովին ինքնուրույն ապարատների փորձնական տեղակայումը կսկսվի նոյեմբերի 13-ին:
Էքսպերիմենտին մասնակցելու համար ընտրվել է հինգ ռոբոտ, որոնք ներկայացվել են Ճապոնիայի հինգ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների կողմից: Նման ռոբոտների գլխավոր խնդիրը զբոսաշրջիկներին օգնություն ցուցաբերելն է: Նրանք բոլորը կարող են «հասկանալ» և «խոսել» չորս լեզուներով՝ ճապոներեն, անգլերեն, չինարեն ու կորեերեն:
Կառավարությունը հուսով է, որ Օլիմպիադայի և Պարալիմպիադայի ժամանակ նման ռոբոտ-օգնականների օգտագործումը լավ հնարավորություն կլինի ամբողջ աշխարհին ճապոնական բարձրակարգ տեխնոլոգիաները ցուցադրելու համար: 33-րդ ամառային Օլիմպական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: