BBC ալիքի «Երկնագույն մոլորակ 2» նախագծի նկարահանող խմբի վրա, որը բատիսկաֆով սուզվել էր ծովի հատակը՝ նկարահանելու, թե ինչ է տեղի ունենում սատկած կետի լեշի հետ, հարձակվել է շնաձկների «ոհմակը»: Այդ դիմակայության առավել դրամատիկ պահերի դրվագն ալիքը զետեղել է YouTube-ում:
Ստորջրյա նավն իջել էր 700 մետր խորություն և մոտեցել կետին: Այն նկատել են շնաձկները, որոնք խժռում էին կաթնասունի լեշը:
Շնաձկներն իրար հետևից գրոհում էին նավը: Ապակուն բախվելիս բատիսկաֆի ներսում լսվում էին խուլ և տեղ-տեղ զարհուրելի հնչյուններ: Ի վերջո գիշատիչները տեղի են տվել, սակայն հանդիսականները խոստովանել են, որ կադրերն իրենց վրա անջնջելի տպավորություն են գործել:
«Ես կարծում եմ, որ այստեղ ամենամեծ հայտնագործությունն այն է, որ շնաձկներն իրոք ոռնում են: Անհավատալի է: Ես նույնիսկ ցնցվեցի»,- խոստովանել է օգտատեր Eric Cartman-ը:
«Երկնագույն մոլորակ» տեսահոլովակը դարձել է վիրուսային: Մի քանի օրում այն հավաքել է հարյուրավոր մեկնաբանություններ և ավելի քան մեկ միլիոն դիտում: