Ռուբեն Շուխյանի գրառումը.
«Իսկ որտե՞ղ է ձեր մոտ հին քաղաքը».
Վերջերս մի այսպիսի զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Հյուսիսային պողոտայում զբոսաշրջիկների մի զույգ ինձ հարցրեց՝ իսկ որտե՞ղ է ձեր մոտ հին քաղաքը, նրա կենտրոնական մասը: Ես մեխանիկորեն պատասխանեցի՝ գիտեք, նախագծել են, բայց դեռ չեն սկսել կառուցել, նկատի ունենալով «Հին Երևան» նախագիծը: Լսելով այդպիսի պատասխան, երկուսն էլ ծիծաղեցին: Իրոք, զավեշտալի մի իրավիճակ էր, բայց, ինչ անես՝ այդպիսին է այսօր տխուր իրողությունը:
Չգիտեմ, որևիցե մեկը հավատու՞մ է, որ այդ «Հին Երևան» նախագիծը վերջապես մի օր կյանքի է կոչվելու: Հիմա էլ հայտարարվում է, թե ֆինանսավորում չկա, կսկսենք, երբ որ այն լինի, և նմանատիպի անորոշություններ: Կամ անգամ եթե դա կառուցվի էլ, արդեն պատկերացնու՞մ եք, չէ՞, թե ինչ է դա իրենից ներկայացնելու. ուղղակի հին շենքերի ֆասադների դեկորացիաներ դրսից՝ իսկ ներսից, պարզ է, նույն՝ Սաս-երը, Սիթի-ներն ու Մոլլ-երն են հավանաբար լինելու:
Սարյան ու Լեո փողոցների խաչմերուկին, տեսած կլինեք, մի ահռելի 18 հարկանի բարձրահարկ է վեր խոյացել: Նախկինում այստեղ Թերլեմեզյան գեղարվեստի ուսումնարանի սև տուֆից շենքն էր, կառուցված 19-րդ դարի 80-ականներին՝ տիպիկ հին երևանյան բակով, փայտյա պատշգամբներով: Հնարավոր էր, չէ՞, ցանկության դեպքում դա վերականգնել, պահպանել, իհարկե՝ այո: Նույնը՝ Սարյան և Բյուզանդ փողոցների խաչմերուկը՝ քանդվեց 19-րդ դարի վերջի գեղեցիկ մի շենք, որտեղ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի որբերի համար նախատեսված հիվանդանոցն էր եղել, Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանն էին եղել այստեղ, և առաջարկ կար այս շենքում ստեղծել թանգարան: Բայց ոչ՝ այս վայրում նույնպես ահռելի կառույցներն արդեն մեծ արագությամբ դեպի երկինք են սավառնում:
Մի բան հստակ է, որ մեր քաղաքի ճարտարապետությունն այսպես գնալու է դեպի «դուբայացում», վերացվում է ոչ միայն հին քաղաքը՝ արդեն թամանյանական դասական դպրոցի ճարտարապետների կառուցներն են շնչահեղձ լինում ամենուրեք ու անկանոն սնկի նման բուսնող մեծամասամբ միապաղաղ ու անդեմ բարձրահարկերից: Բայց Դուբայը գոնե կառուցվում է անկենդան անապատի ավազի վրա, որը չունի և չի կարող ունենալ որևէ պատմություն: Իսկ մենք ունե՞նք»: