«Գրին քարտ»-ի այս տարվա խաղարկությունը մեկնարկել է հոկտեմբերի 18-ին և ավարտվելու է նոյեմբերի 22-ին։ Այս քարտը սովորաբար օգտագործվում է մշտական բնակությունը թույլատրող քարտի փոխարեն, ունի բազում դրական կողմեր՝ որոնք կարելի է օգտագործել ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ ապրել ցանկանալու դեպքում։
«Գրին քարտ» շահած ու ԱՄՆ ում բնակության թույլտվություն ստացած մարդը կարող է դիմել պետական հովանավորությամբ ֆինանսական օգնության՝ կրթություն ստանալու համար և կրթության ընթացքում շատ ավելի քիչ վարձ վճարել։ Կարելի է բնակվել ԱՄՆ-ի հիսուն նահանգներից ցանկացածում, աշխատել Միացյալ Նահանգների տարածքում գործող ցանկացած ընկերությունում։ Քարտատերերը ստանում են սոցիալական ապահովության նպաստներ և կարող են անցնել թոշակի՝ եթե աշխատել են տասը տարի՝ մինչ թոշակի անցնելը։ Սա դրական կողմերի մի մասն է միայն։
Սրան ի պատասխան, որոշ մարդիկ պնդում են, թե «Գրին քարտը» շատ խելացի մտածված տարբերակ է՝ պետքական մարդկանց ԱՄՆ հրավիրելու և երկիրը ծաղկեցնելու գործին լծելու համար, և որ ամեն տարի ընդունելության փուլում շատ կարևորվում են իրականում հենց մասնագիտությունները։ Պետությունն ընտրում է, թե տվյալ հատվածում ինչ մասնագետներ են պետք և հենց վերջիններիս է ավելի լավ կյանքի հնարավորություն ընձեռում ՝ հետագայում նրանց տաղանդն ու խելքը ծառայեցնելով իր նպատակներին։
Որոշ չափով այս միտքն իրատեսական է, նաև՝ շատ ակնառու։ Բայց հաղթաթուղթը նրանում է, որ ԱՄՆ-ն որպես այդպիսին ոչ մեկին չի ստիպում դիմել «Գրին քարտի» խաղարկությանը, չշահելու դեպքում էլ՝ էլի ու էլի փորձել՝ անտեսելով ամեն մասնակցության պատճառով ունեցած ֆինանսական կորուստը։ Տխուր է, որ անհետ ու անիմաստ կլորիկ գումար կորցնելու գնով անգամ՝ մարդիկ ցանկանում են հեռանալ Հայաստանից։
Ամերիկյան երազանքի ետևից գնացողների ֆոնին իհարկե հայտնվել են նաև մարդիկ, որոնք հասկացել են՝ ինչպես ավելի լավ վաճառել այդ երազանքը։Հենց դրա համար էլ գործում են կազմակերպություններ, որոնք վերցնելով որոշակի տոկոսով գումար՝ խոստանում են, թե կկարողանան այնպես անել, որ հաղթողների մեջ լինեն նաև իրենց դիմորդները։ Որոշ կազմակերպություններ էլ հայտարարում են, թե հենց իրենց ուղարկած դիմումներն են սովորաբար հաղթում: Պարզ է, որ սրանք խաբելու շատ պարզունակ հնարքներ են: Բայց արի ու տես, որ գործընթացից չհասկացողները հաճախ ընկնում են այս թակարդը։
Ամբողջ աշխարհում 125.000 շահողների հնարավորություն է տրվում շարունակել շահման գործընթացը, սակայն նրանցից միայն 50.000-ն են ստանում «Գրին քարտ»։ Եվ եթե հինգ տարվա ընթացքում մասնակցող երկրից ԱՄՆ արտագաղթողների թիվը չի գերազանցում հիսուն հազարը, ապա այդ երկիրն իրավասու է մասնակցել խաղարկությանը ։ Քարտի խաղարկությանը կարելի է մասնակցել ամեն տարի՝ պարտադիր փոփոխելով միայն լուսանկարը։ Հայաստանում յուրաքանչյուր տարի շահում է միջինը 1349 դիմորդ։ Դիմորդների թիվն ավելի մեծ է և, իրականում՝ սարսափելի։ 2007 թվականից մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունից և ԱՊՀ որոշ երկրներից «Գրին քարտ» և վերջնական վիզա ստացողների թվաքանակին կարելի է ծանոթանալ ստորև: Դրանք թերևս՝ մեկնաբանության կարիք չունեն։
Սյունե Սևադա