Երասխ-Երևան ավտոճանապարհին երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 13-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհով իր վարած «Վազ 21083» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Արմաշ գյուղի ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթևեկության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ, որից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և դիմել փախուստի:
Ըստ գործի նյութերի՝ 2017թ. մայիսի 13-ին, ժամը 23-ի սահմաններում տղամարդն իր վարած «Վազ 21083» մակնիշի ավտոմեքենայով աներորդու հետ Սյունիքի մարզի Սարավան գյուղից Արարատի մարզի Մխչյան գյուղ ընթանալիս Երասխ-Երևան ավտոճանապարհի Արմաշ գյուղի հատվածում, թույլ տալով ՃԵԿ-ի 2-րդ կետի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, բախվել է մեկ այլ մեքենայի: Բախման պատճառով այդ մեքենայի վարորդը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, այն դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել այդ ուղեմասով ընթացող ավտոմեքենային, որի հետևանքով նա և նրա ավտոմեքենայի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մեղադրյալը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի: