Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորի մասին:
Մեր տեղեկություններով՝ Թելման Ալավերդյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից է: Նա շուրջ 4 տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել այդ գյուղ: Մեր տեղեկություններով մի քանի ամիս առաջ մահացել է Թելմանի հայրը: ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ նա մասնակցել է հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Թելման Ալավերդյանի վերաբերյալ 4 քրեական գործ է քննվել, որոնցից մեկով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճել` նրա և տուժողի փոխադարձ հաշտության հիմքով:
Իսկ նրա նկատմամբ քննված բուն քրեական գործով արդեն իսկ դատական ակտ է կայացված:
Համաձայն մեղադրանքի՝ Ալավերդյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով, որ «Բավագարմ» ՍՊԸ տնօրեն Արմեն Վարդանյանը ցանկանում է մսամթերք արտահանել ՌԴ, վերջինիս հայտնել է, թե իբր մաքսային մարմիններում ունի ծանոթներ և կարող է էժան գնով կազմակերպել մսամթերքի արտահանումը:
Հիշյալ պատրվակն օգտագործելով` 2015թ. դեկտեմբերի 4-ին ընկերության արտադրամասում Ա.Վարդանյանից ստացել է ընդհանուր 713 կգ քաշով առանձնապես խոշոր չափերի` 5.085.000 ՀՀ դրամ արժողության մսամթերք` խաբեությամբ տիրանալով «Բավագարմ» ՍՊԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքին:
Բացի այդ, Թելման Ալավերդյանը նպատակադրվելով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը`2016թ. Մարտի 18-ին ՀՀ քաղաքացի Պետրոս Սարգսյանից վերցրել է նրան պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» ՀԱԿ, որտեղ հիշյալ ավտոմեքենայից հափշտակելով Պետրոս Սարգսյանի անձնագիրը և այն օգտագործելով` առանց սահմանված փաստաթղթի «Բագրատաշեն» ՀԱԿ-ով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Վրաստան:
2017թ-ի մայիսի 19-ի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Նելլի Բաղդասարյանի վճռով՝ Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հոկտեմբերի 27-ի դատավճռով՝ Թելման Արշակի Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատժաչափը մեղմացվել է՝ դառնալով 5 տարի:
Ավելի մանրամասն՝ yerkir.am