Ռոլանդ Շառոյանը ծննդյան 65-ամյակը նշեց իր գրքերի շնորհանդեսով
Advertisement 1000 x 90

Ռոլանդ Շառոյանը ծննդյան 65-ամյակը նշեց իր գրքերի շնորհանդեսով

Լրագրող, արձակագիր Ռոլանդ Շառոյանի «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուն և «Էրգրի աստվածները» վիպասքը հանձնվեցին գրականության սիրահարների դատին: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Էրգրի աստվածները» վիպասքն իմ կյանքի գիրքն է: Եթե բանաստեղծությունների ժողովածուն գրել եմ 1,5 տարում, ապա «Էրգրի աստվածները»՝ երեսուն: Վիպասքը սկսվում է Գևորգ Չաուշի ծննդից և ավարտվում է 21-րդ դարասկզբով: Գրքում անդրադարձ կա 1915 թվականից հետո արևելյան Հայաստան գաղթած արևմտահայերին՝  սասունցիներ, մշեցիներ, ղարսեցիներ: Գրքում զետեղված են նաև անտիպ ստեղծագործություններ:

Խոսելով «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի մասին՝ հեղինակը շեշտեց, որ գրքում ներառված ստեղծագործությունները մտածումներ են՝ գրված հարյուր տարի հետո: Դրանք  արձակ և չափածո գործեր են:

«Այս տարի դառնում եմ 65 տարեկան: Այս գրքերի շնորհանդեսով նշում եմ հոբելյանս»,-եզրափակեց Շառոյանը:

Գրող Վրեժ Սարուխանյանի խոսքով՝ Շառոյանը հզոր ակունքներ ունի: «Նա ծնվել է 1952 թվականին, բայց իր էությամբ, արյունով՝ 1915-ին: Այդ տարվա իրադարձությունները  դարձան նրա ստեղծագործության թեմատիկան և շուրջ երեսուն տարի նա մեր գրականության մեջ շարունակում է այն ազգանվեր գործը, որը ժամանակին սկսել են Ակսել Բակունցը, Խաչիկ Դաշտենցը, Մուշեղ Գալշոյանը և այլք:

Ռոլանդ Շառոյանի գրականությունը բարձրարժեք է, քանի որ նա միշտ եղել է իր ժամանակի հետ, իր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ»,-ասաց Սարուխանյանը:

Ռոլանդ Շառոյանի համակուրսեցի, ընկեր, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Ռոլանդի գրչին հատուկ են հումորը, զվարթությունը, որոնք առավելապես արտահայտված են  «Բառերի խրխինջը» գրքում:

«Եթե արձակում նա մնում է հայրենականչի վրեժի, պահանջատիրության շրջանակում, ապա «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուում ինչպես ինքն է  ասում բառերի խրխինջը բառերի ներսից է գալիս: Նա պայթուցիկ է բերում իր գրվածքներում, ինչը պոետական խոսքին  նոր շունչ է տալիս»,-շեշտեց Միլիտոնյանը:

Գրքերը լույս են տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Շնորհանդեսին ներկա էին գրողներ, քաղաքական գործիչներ, երաժիշտներ, գրականության սիրահարներ: