Աշխարհի տարբեր երկրների ավելի քան 15 հազար գիտնականներ իրենց ստորագրությունն են դրել մարդկությանն ուղղված երկրորդ նախազգուշացման տակ՝ փորձելով ուշադրությունը հրավիրել էկոլոգիական կործանարար փոփոխությունների վրա. մանիֆեստի տեքստը
հրապարակել է BioScience հանդեսը:
Առաջին ուղերձը հայտնվել էր 1992 թվականի վերջին. դրա տակ ստորագրել էին 1,7 հազարից ավելի գիտնականներ, այդ թվում՝ նոբելյան դափնեկիրներ: «Նախազգուշացում մարդկությանը աշխարհի գիտնականներից» մանիֆեստում նրանք պատմել էին, որ մոլորակի բնակչությունը բնության հետ առճակատման ուղեգիծ է բռնել:
Հետազոտողներն անհանգստացել են այն վնասի չափից, որն արդեն Երկրին հասցնում կամ կարող են հասցնել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ օզոնի շերտի նոսրացումը, օվկիանոսների ֆլորայի և ֆաունայի ոչնչացումը, անտառների անհետացումը, կլիմայի փոփոխությունը, նշվում է հանդեսի հրապարակած փաստաթղթում:
Այս մանիֆեստի հրատարակման 25-րդ տարելիցի առթիվ որոշվել է թողարկել երկրորդ նախազգուշացումը:
Այս անգամ դրա տակ ստորագրել են աշխարհի 184 երկրների ավելի քան 15,3 հազար գիտնականներ:
Տրամադրելով համապատասխան վիճակագրությունը՝ հետազոտողները հայտարարում են, որ քառորդ դարի ընթացքում մարդկությանը չի հաջողվել լուծել բնապահպանական խնդիրները, դեռ ավելին, դրանցից շատերն ավելի են լրջանում, նշվում է մանիֆեստում:
Միևնույն ժամանակ գիտնականները փաստաթղթում նշել են առանձին հաջողություններ, մասնավորապես, ամբողջ աշխարհում օզոնաքայքայիչ նյութերի քանակի նվազումը: Դա, նրանց կարծիքով, վկայում է այն մասին, որ մարդկությունը կարող է բարեփոխել աշխարհը, եթե գործի վճռականորեն: