Հայկական PicsArt-ի միջոցով արդեն իսկ հնարավոր է խմբագրել տեսանյութերը
Advertisement 1000 x 90

Հայկական PicsArt-ի միջոցով արդեն իսկ հնարավոր է խմբագրել տեսանյութերը

Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը ներկայանալու հարթակ է ոչ միայն նորաստեղծ ընկերությունների, այլև կայացած նախագծերի համար:

Այս տարի «ԴիջիԹեքին» մասնակցում էր նաև լուսանկարների ամենահայտնի խմբագրիչներից մեկը՝ հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը:

Հայաստանում ստեղծված PicsArt հավելվածից աշխարհում արդեն օգտվում է ավելի քան 265 միլիոն մարդ: Հավելվածը ունի 80 միլիոն ակտիվ օգտատեր:

Ընկերության տաղավարն ամենավառ տաղավարներից մեկն էր, որն անտարբեր չէր թողնում ցուցահանդեսի այցելուներին: Տաղավարում ներկայացված էին հավելվածի ամենահայտնի էֆեկտները, որտեղ մարդիկ կարող էին լուսանկարվել՝ ստանալով նույն արդյունքը, ինչ խմբագրիչով նկարը մշակելուց հետո: Ընկերության ներկայացուցիչները, որպես գլխավոր նորություն՝ նշում են հավելվածի ամբողջությամբ նոր տարբերակը, որը հասանելի է iOS-ից օգտվողների համար: Առաջիկա ամիսների ընթացքում պատրաստ կլինի նաև հավելվածի թարմացված տարբերակն Android օպերացիոն համակարգից օգտվողների համար:

Լուսանկարիչների հայտնի խմբագրիչն ավելացրել է նոր ու շատ տրենդային գործառույթ: Magic Effects-ի միջոցով հնարավոր է սովորական լուսանկարը վերածել արվեստի գործի:
Փոփոխվել է նաև հավելվածի լոգոտիպը: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ նոր լոգոտիպն ու նոր ինտերֆեյսը թարմություն են հաղորդել հավելվածին՝ դրանով աշխատելը դարձնելով ավելի հետաքրքիր և ուրախ:

Picsart-ի մյուս կարևոր նորությունը Magic video by Picsart հավելվածն է: Այս հավելվածը թույլ է տալիս խմբագրել տեսանյութերը: Արդեն իսկ հասանելի են տեսանյութերը խմբագրելու մի շարք էֆեկտներ: Առաջիկա ամիսներին էֆեկտների թիվը կավելանա: Magic video by Picsart-ն աշխատում է արհեստական ինտելեկտի շնորհիվ, և ըստ տեսանյութի որակի, բովանդակության և ծավալի՝ ընտրում է էֆեկտների լավագույն տարբերակը:

Հիշեցնենք, որ PicsArt հավելվածն աշխարհում լուսանկարների ամենահայտնի խմբագրիչներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Հայաստանում: Այժմ ընկերությունը գրասենյակներ ունի թե՛ Հայաստանում, և թե՛ Միացյալ Նահանգներում, սակայն ընկերության հիմնական աշխատանքները կատարվում են Հայաստանից:

168.am