Կառավարությունը փոփոխություններ կատարեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխություններ կատարելը պայմանավորված է ՀՀ նոր Սահմանադրությամբ: «Բանն այն է, որ մեր Սահմանադրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը:
Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև»,- նշեց նախարարը: Այդ առնչությամբ վարչապետը հարցրեց. «Մինչև այս դա ամրագրված չէ՞ր»:
Դավիթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց: Օրինագծով նախատեսվել է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս: Նախարարի խոսքով՝ ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը: «Եվ դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է իր ծնողների հետ կանոնավոր շփումների երեխայի իրավունքը», – ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նախորդ Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարգավորումներ են առաջարկվել նաև որդեգրության գործընթացում, որոնք բխում են Հայաստանի՝ միջազգային պայմանագրերում ստանձնած պարտավորություններից: