Հաղորդավար Ժակի ընտանիքին զրկել են երեխայի ծննդյան միանվագ 50.000 և խնամքի ամսական 18000 դրամից։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ երկրորդ երեխայի ծննդից հետո ժամանակ չեն ունեցել դիմում ներկայացնել գումարը ստանալու համար, հիմա պարզվում է, որ արդեն ուշ է, սակայն իրենց որևէ մեկը չէր իրազեկել այդ մասին։ Հենց սա էլ իրեն զայրացրել է։
«Իմ ամբողջ բողոքը նրա համար է, որ մյուս ընտանիքներն ուշադիր լինեն, որովհետև այդ գումարը ստանալու համար կան որոշակի ժամկետներ։ Ինքս, լինելով լրատվամիջոցի ներկայացուցիչ, խնդրի առաջ կանգնեցի, քանի որ տեղեկացված չէի։ Մասնավոր զրույցում ինձ բացատրեցին, որ պետությունը ենթադրում է, եթե ընտանիքը չի դիմում գումարը ստանալու համար, ուրեմն ապահոված է։ Եթե պետությունը համարում է, որ պատահաբար կամ միտումնավոր այդ հնարավորությունը բաց են թողնում ապահով, հարուստ ընտանիքները, թող պաշտոնապես այդ գումարներն ուղղի բարեգործության»,– ասաց Ժակը` հավելելով, որ ինքն, իսկապես չունի գումարային խնդիր, սակայն ուզում է իր երեխայի հասանելիք գումարը նպատակային ծախսվի։
Ըստ էության` Ժակին զայրացրել է այն հանգամանքը, որ իր փոխարեն որոշում է կայացվել։ Խնդրի լուծումը հաղորդավարի համար սկզբունքի և արժանապատվության հարց է դարձել։ «Եթե պետական մարմնի վրա ազդեցություն լինի, դա ինձ համար հարյուրապատիկ ավելի թանկ կլինի այն գումարից, որը պետք է վճարեին իմ երեխային»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am