Ինչ չհաջողվեց տնտեսագետ վարչապետին, հաջողվեց մանկաբույժին. a1plus.am
Advertisement 1000 x 90

Ինչ չհաջողվեց տնտեսագետ վարչապետին, հաջողվեց մանկաբույժին. a1plus.am

Մանկական բժիշկ Արա Բաբլոյանին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց տնտեսագետ Կարեն Կարապետյանին՝ բժիշկը երեկ դադարեցրեց ուսանող երեխաների հացադուլն ու դասադուլը և նրանց ուղարկեց տուն։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Այստեղ շատ մեծ ա եղել Արա Բաբլոյանի դերակատարումը»:

Տղաները Էդուարդ Շարմազանովին թվացին սրտացավ, որոնց հետաքրքիր է պետությունը և նրա պաշտպանությունը: Խորհրդարանի փոխնախագահը լավատես է, կլոր սեղանի շուրջ դեռ պետք է լսի երեխաներին, որպեսզի հասկանան, թե ինչ է հնարավոր փոխել: Սակայն հայտնի է, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել է, որ օրենքը փոփոխության ենթակա չէ։

«Ես շատ եմ հարգում իմ սիրելի եղբայր, իմ ընկեր Արտակ Զաքարյանին, բայց օրենքում փոփոխություն կլինի, թե՝ չէ, կարող ա էսօր չլինի, որևէ քարացած օրենքներ մեր երկրում չկա»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:

Ընդունված օրենքում, ըստ պարոն Շարմազանովի, դեռ շատ բան հստակ չէ, դրանք կհստակեցվեն կառավարությունում ենթաօրենսդրական ակտերի և որոշումների տեսքով: Հենց այդ հստակեցումների համար էլ նրանք պատրաստ են նոյեմբերի 22-ից հանդիպումների շարք սկսել բողոքող ուսանողների հետ. «Միգուցե 22-ը մի քիչ շուտ է, բայց եթե մենք ձգեինք ասենք 25 կամ ամսվա վերջ, միգուցե այստեղ որոշակի անվստահություն լիներ իրենց մոտ»:

Սակայն հարցերի հարցը այն է, թե ինչու խորհրդարանի ղեկավարությանը հաջողվեց հանգստացնել և տուն ուղարկել երեխաներին, մինչդեռ այդ հարցում ոչինչ չկարողացան անել վարչապետը, պաշտպանության և կրթության նախարարները. «Ես չգիտեմ՝ նրանք ինչ օրակարգով են այնտեղ եղել, նրանք մեր մոտ եկել են այն օրակարգով, որ կլոր սեղան լինի»:

Երեկվա հանդիպմանը խորհրդարանի կողմից բանակցող կողմերը ուսանողներից որևէ փաստարկ չեն լսել տարկետման իրավունքը վերականգնելու օգտին: Իսկ դրանից առաջ ասված փաստարկներին նա չի անդրադառնա. «Ես հիմա չեմ ուզում կանխորոշել և ասել մի բան, որը կարող է բարդացնել մեր երկխոսությունը»:

Ապագա կլոր սեղանը Էդուարդ Շարմազանովն անվանեց կառուցողական: Նա չի ասի, որ ուսանողներին ստիպված եղան ընդունելու, որովհետև իրենց վախեցրեց փողոցային շարժումը։ «Չէ, բայց ի՞նչ փողոցային շարժում ա եղել»,- զարմանում է Շարմազանովը:

Խորհրդարանի փոխնախագահը զգուշացնում է, որ հանկարծ ուսանողներին այս կամ այն քաղաքական գործչի գործակալ չդիտարկեն, նրանց հնարավորություն է տրվել ներկայացնել իրենց բողոքի էությունը և նրանց լսել են:

a1plus.am