Ասում է «Կարգին հաղորդման» կարգին դերասան և կարգին մարդ Մկոն
Թվում է՝ Հայկոյին առանց Մկոյի և Մկոյին առանց Հայկոյի անհնար է պատկերացնել: Տարիներ շարունակ հետևելով նրանց «Կարգին հաղորդումներին», նույնիսկ կասկած չի առաջացել, որ նրանց միջև մրցակցություն, ինքնահավանություն և աստղային հոգեկան հիվանդություն կարող է լինել: Հեռուստադիտողը, նույնիսկ լավ ձևացնող հաղորդավարների դեպքում, զգում է, երբ հաղորդավարները սկսում են «իրար տակ փորելով», մեկը մյուսին նվաստացնելու հաշվին բարձրանալու փորձեր կատարել: Իսկ Հայկո-Մկո ընկերությունը դիմացել է տարիների և հեռուստատեսային ոչ այնքան մաքուր աշխարհի բազմաթիվ փորձություններին:
Հայկոյի հետ իմ ծանոթությունը սկսվեց 1996 թվականից, երբ սկսել էինք ԽԹծ խաղալ: Ես Գյումրիի ճարտարագիտական համալսարանի թիմում էի խաղում, Հայկը՝ Երևանի ճարտարագիտականի թիմից էր: 1997թ. տարբեր թիմերի անդամներից կազմվեց «Армянский проект» թիմը։ Այդ թիմով էլ սկսեցինք խաղալ Վորոնեժում, Մոսկվայում, Յուրմալայում: Երբ առաջին անգամ Սոչիի ԽԹծ-ի փառատոնի ժամանակ բարձրացանք բեմ, տեքստս մոռացա և առանց որևէ բան ասելու գնացի բեմից: Տղաները չէին իմանում` ի՞նչ անեին: Մի խոսքով, երկար ճանապարհ ենք անցել միասին, այդ ընթացքում միասին բանակ ենք գնացել: Շատ պատահական է ստացվել, ի դեպ, որ միասին ենք ծառայել: 1996-ից միասին ենք ու մինչ օրս միասին աշխատում ենք։ Ես չեմ պատկերացնում առանց Հայկի որևէ նախագիծ. եթե ասում են՝ Մկո, ուրեմն՝ Հայկոն էլ հետը: «Կարգին հաղորդումը» միշտ էլ շատ դժվար նախագիծ է եղել: Մտահղացումը մեզ մոտ կար շատ վաղուց, ուղղակի այն շատ ծախսատար է, որովհետև «գռդոնի» հասկացողություն մեզ մոտ չկա: Եթե նկարում ենք, ուրեմն նկարում ենք միայն ամենալավը: Եթե անգամ ամենափոքրիկ էպիզոդի/նկարահանման համար պետք է հասնել աշխարհի ծայրը, մենք հասնում ենք, եթե կոստյում՝ ուրեմն ամենալավը, եթե գրիմ՝ ուրեմն ամենաորակյալը, որովհետև հեռուստադիտողը նկատում է ամենափոքրիկ վրիպումն անգամ: Մենք սկսել ենք բարձր որակով և աշխատում ենք պահպանել մեր վարկանիշը:
մենակարևորը՝ մեր հաղորդումների պատմություններն ու կերպարները գրեթե բոլորը կյանքից են վերցված: Յուրաքանչյուր հեռուստադիտողի հետ նման իրավիճակներ եղել են կամ կարող են լինել: Բեմադրում ենք նաև հայտնի անեկդոտներ, քանի որ այդ անեկդոտները ժողովրդի ծոցից են դուրս եկել. հեռուստադիտողը սպասում է անեկդոտի իրեն հայտնի ավարտին, և մենք այդ անեկդոտի վրա աշխատում ենք, որ ընթացքին հետևելն էլ հետաքրքիր լինի: Ռուսական հեռուստատեսությամբ այսքան տարի հեռարձակվող «Գորոդոկ» հաղորդումը, ինչպես սկսել է բարձր մակարդակով, այդպես էլ շարունակվում է: Նրանք վարպետներ են: Իհարկե, «Կարգին հաղորդումը» «Գորոդոկի» հետ համեմատել չի կարելի, թեկուզ այն պարզ պատճառով, որ երբ «Գորոդոկը» վերջանում է, տիտրերն այնքան շատ են, որ թվում է՝ վերջ չունի: Մի հաղորդման վրա այնքան մարդ է աշխատում, որ կարող է մի հեռուստաընկերության աշխատակիցների քանակի հետ համեմատվել: Իսկ մենք դեռ չունենք այդ հնարավորությունը, փոխարենը՝ մեր կողքին/այսօր հավաքված են ամենալավ մասնագետները և եթե այդ թիմից որևէ մեկը բացակայի, հաղորդումը կտուժի, որովհետև նրանցից յուրաքանչյուրը 100 տոկոսով կատարում է իր ֆունկցիան։ «Կարգին հաղորդումը» միայն Հայկոն ու Մկոն չեն, մեր կողքին իրենց գործին նվիրված թիմ կա, հենց դա էլ ապահովում է հաղորդման որակը:
Քննադատներ և ընտանիք
– Մեր հարազատներն, իհարկե, հավատում էին, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Ասեմ նաև, որ մեր ամենամեծ քննադատները մեր հարազատներն են: Եթե լավ է ստացվում, ասում են, բայց եթե մի բան այն չէ՝ վայ մեզ: Դառը ճշմարտությունն ուղիղ ճակատներիս կրակում են և ճիշտ են անում, որովհետև շատ կարևոր է կողքից հայացքը՝ անկեղծ հայացքը: Ամենից շատ սիրում են քննադատել կինս ու հայրս: Ընտանիքիս անդամները հումորի շատ մեծ զգացում ունեն. գյումրեցի ենք, վերջիվերջո: Հայրս շատ հումորով մարդ է, պահեր են լինում, երբ նրա կողքին նստած` հասկանում եմ, որ դեռ շատ պետք է աճեմ՝ նրա հումորին հասնելու համար: Տանն արդեն սովորել են աշխատանքային իմ աննորմալ ռիթմին, հասկանում են, որ աշխատանքիս բնույթն է այդպիսին: Ես ու Հայկը, պատահում է՝ մինչև գիշերվա 3-ը սցենար ենք գրում, մշակում: Դե, իսկ նկարահանումները միայն սկիզբ ունեն, իսկ վերջը ե՞րբ կլինի՝ անհայտ է: Իմ կյանքի ռիթմն այդպիսին է, բայց ես եմ ընտրել այդ ուղին, որովհետև սիրում եմ իմ գործը: Թող չթվա, թե ես բողոքում եմ, ուղղակի սարսափելի շատ եմ կարոտում ընտանիքիս:
Կնոջս հանդիպել եմ Ճարտարագիտական համալսարանում, նա երկու տարով ցածր կուրսում էր սովորում։ Ամեն ինչ սկսվեց ԽԹծ-ից. Աննան մեր թիմից էր, հետո ամեն ինչ թողեց և զբաղվեց դասերով: Շատ են հարցրել, թե ինչպե՞ս եմ առաջարկություն արել կնոջս, որովհետև շատերի մոտ տպավորվել է իմ կերպարը «Մեր բակում», երբ ես պատուհանի տակ կանգնած` վախեցած կանչում եմ՝ Սոնա, Սոնա: Իրականում մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է եղել, սկզբից շատ մոտ ընկերներ էինք, հետո զգացինք, որ մեր ընկերությունը կամաց-կամաց փոխվում է, վերածվում է սիրո: Բայց ես չէի ցանկանա մանրամասնել, չէ՞ որ անձնականը մնում է անձնական:
Մենք փողոցում աստղային հնդկահավերի պես չենք քայլում»
– Արդեն երկար ժամանակ է, ինչ ճանաչված ենք, բայց փորձը ցույց է տվել, որ դրանից մեր գլուխները չի պտտվել սխալ ուղղությամբ: Ոչ մեր տարիքն է մեզ թույլ տալիս, ոչ էլ բնավորություններս, որ «աստղայինից» գլուխներս կորցնենք: Մեծ մարդիկ ենք, ամոթ է, որ նման երեխայությամբ զբաղվենք: Եթե հաղորդումը հաջողություն է ունենում, դա չի նշանակում, որ երբ փողոցում մեկն ուզում է ձեռքդ սեղմի, ինքնագիր խնդրի կամ քեզ հետ լուսանկարվի, պետք է մի տեսակ չուզելով անես դա: Չէ՞ որ դրանով մարդիկ ցույց են տալիս, թե որքան են քեզ ու քո աշխատանքը գնահատում: Բա դրանից էլ լավ բա՞ն: Կարծում եմ՝ Հայաստանի պես փոքր երկրում մեկ-երկու անգամ հեռուստատեսությամբ երևալուց հետո քիթը ցից փողոցով ման գալն ամոթ է: Ուղղակի կան մարդիկ, որոնց այնքան ես ասում՝ «Դու դեմք ես», որ խեղճերն էլ լուրջ են ընդունում և այդպես էլ «դեմք-դեմք» քայլում են:
Եթե 6 ամսից շատ նկարենք, էլ չենք լինի
– Իմ ու Հայկի աշխատանքային ռիթմն այնքան արագ է ու խառը, որ երբեմն ուզում ենք ամեն ինչ թողնել: Միևնույն ժամանակ՝ գիտակցում ենք, որ առանց այս ռիթմի մեր կյանքն արդեն անհնար է պատկերացնել: Դա մեր կյանքն է, մենք դրանով ենք ապրում ու շնչում: Երկուսս էլ սիրում ենք մեր աշխատանքը: «Կարգին հաղորդումը» յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ընդհատվում է, այդ ընթացքում ցուցադրվում են մեր ամենալավ մանրապատումները՝ մինչ նոր նկարահանումների սկիզբը: Դրանից ավելի աշխատելը կազդի թե՛ հաղորդման որակի և թե՛ մեր առողջական վիճակի վրա: Իմիջիայլոց, այդ ընդմիջման ընթացքում, միշտ սկսում են լուրեր պտտվել, որ ես կամ Հայկը անբուժելի հիվանդ ենք։ Նույնիսկ մարդիկ են լինում, որոնք երդվում են հոր արևով, որ անձամբ տեսել են մեզանից մեկին՝ վերակենդանացման բաժնում պառկած… Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք ողջ-առողջ ենք (թու, թու, թու…)։ Իսկ նման լուրեր տարածողներին ցանկանում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ: Մարդկանց թվում է, որ ես ու Հայկոն շնչում և արտաշնչում ենք միասին, որ մենք անբաժան ենք։ Իրականում, մեր աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ այն բաժանել ենք 2 մասի, և յուրաքանչյուրս առանձին անում ենք հնարավորինս ամեն ինչ, որ հասցնենք: Հետևաբար, շատ հազվադեպ ենք հանդիպում՝ գրեթե միայն նկարահանման հրապարակում:
Իմ ամենասիրած կերպարներից է բեմի բանվորը: Ինչ վերաբերում է Հայկոյին, ապա նա վարպետորեն մարմնավորում է կնոջը, զգում է յուրաքանչյուր կնոջ վարքը, հայացքը, ձայնը: Նա կանանց մարմնավորելու վարպետ է: Ու ոչ միայն կանանց: Շատ դերեր կան, որ միայն Հայկոյի կատարմամբ են հետաքրքիր:
Կարգին որդի, կարգին հայր ու կարգին ամուսին
-Թե որքանով կարգին որդի, եղբայր, ամուսին և հայր եմ, ավելի ճիշտ/կասեն ծնողներս, քույրս, կինս ու երեխաներս, բայց կարծում եմ՝ ինձ մոտ ստացվում է: Աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նրանց: Շատ դժվար է լինել և՛ կարգին որդի, և՛ կարգին ամուսին, և՛ կարգին հայր: Երբ շուտ ենք վերջացնում աշխատանքը, ես էլ, Հայկն էլ շտապում ենք տուն, որովհետև ահավոր կարոտում ենք: Իմ հանգստի այդ մի քանի ժամերն ուզում եմ անցկացնել ընտանիքիս հետ, ուզում եմ մնալ տանը, խոսել և լսել հարազատներիս, զգալ նրանց ներկայությունը: Ինձ համար ամենաթանկն այս աշխարհում իմ ընտանիքն է: Հա, մի հատ էլ մատանի ունեմ թաքուն/պահած… (կատակ էր):
Լուրջ դերերն առայժմ ինձ համար չեն
– Ինձ ընդունում են որպես «Կարգին հաղորդման» Մկո։ Եթե ես հանկարծ բեմ դուրս գամ և խաղամ «Համլետ», մարդիկ ինձ չեն ընդունի և չեն հասկանա: Հաղորդումներից, շոուներից անցումը դեպի լուրջ դերերի` պետք է սահուն և բնական/լինի: Դրա համար պետք է հանդիսատեսին նախապատրաստել և, ամենակարևորը՝ ես պետք է պատրաստ լինեմ դրան: Համոզված եմ, որ դրա ժամանակն էլ կգա… միգուցե մի քանի տարի հետո, բայց ոչ հիմա: Ուղղակի չեմ ուզում խաղալ դրամատիկ դերեր՝ զուտ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար:
Տիկնիկներ՝ Հայկո, Մկո
– Մեր ամենասիրված նախագծերից է մեր կերպարներով տիկնիկները. այդ մտահղացումը մերն էր, և մենք մի քանի ամիս զբաղված էինք միայն այդ նախագծի իրականացմամբ: Հուսով եմ՝ մեր տիկնիկները, որոնք վաղուց արդեն վաճառքում են, շատ են ուրախացրել երեխաներին և, ինչո՞ւ ոչ, նաև նրանց ծնողներին: Մենք հետաքրքիր մտահղացումներ շատ ունենք, որոնց վրա դեռ աշխատում ենք: Այնպես որ, թեկուզև աննորմալ ռիթմով, բայց կյանքը շարունակվում է:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»