Time ամերիկյան հանդեսը կազմել է 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշը: Գաջեթների ցուցակը գլխավորել է Nintendo ճապոնական ընկերության Switch խաղային կցուրդը:
«Հիբրիդային» կոնսոլը բաղկացած է 6,2 դյույմանոց էկրանով և Joy-Con անլար կոնտրոլերներով պլանշետից:
Switch-ը մշակված է այնպես, որ այն կարելի է օգտագործել թե որպես ստացիոնար կցուրդ, թե «քայլելով խաղալու» համար:
Վարկանիշի երկրորդ տեղում է iPhone X-ը: Կազմողները նշում են, որ Apple-ի նորույթը բավականին թանկ է, իսկ նորամուծություններն առաջին անգամ հայտնվել են Android-ում, սակայն, ինչպես գրում է Time-ը, անշրջանակի դիսփլեյը և Face ID-ը (անձի ճանաչման համակարգը) ապագայում նոր ստանդարտ կսահմանեն սմարթֆոնների համար: 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Microsoft Surface Laptop նոութբուքը:
Ցուցակը կազմողները բարձր են գնահատել գաջեթի արտաքին դիզայնը, ինչպես նաև շարժական համակարգչի՝ լիցքավորումը երկար պահելու կարողությունը: Time-ի վարկածով՝ լավագույն գաջեթների հնգյակում նաև տեղ են գտել DJI Spark կվադրոկոպտերը և Samsung-ի Galaxy S8 առաջատար սմարթֆոնը: