ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներն ու հանրային քննարկումները հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ կայացել են հանդիպումներ պետական և մասնավոր հատվածի առաջատար մասնագետների և բուժաշխատողների, ինչպես նաև առանձին հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել խնդրով մտահոգ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նոյեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N3, 2-րդ հարկ) նախատեսվում է հերթական աշխատանքային քննարկումը հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Նախարարությունը, կարևորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, քննարկման է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են խնդրով և կարծում են, որ կան պարզաբանման ենթակա հարցեր:
Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում` թեկուզև 1 առաջարկությամբ կամ հարցմամբ, դիմել են առողջապահության նախարարություն, ինչն իր հերթին երաշխիք է, որ տվյալ կազմակերպությունը պաշտպանում է հասարակական շահը` կարևորելով մարդու առողջությունը: Նման ձևաչափ է ընտրված, որպեսզի մի կողմից բաց հրավերի ձևաչափով ապահովվի հնարավորինս լայն շերտերի ներգրավում, մյուս կողմից բացառվի այն կազմակերպությունների ու անհատների մասնակցությունը, ովքեր առաջնորդվում են ոչ թե առողջության պահպանման ազնիվ մղմամբ, այլ ակնհայտորեն այլ շահերով և երբևէ հետաքրքված չեն եղել առողջապահական խնդիրներով:
Նախարարությունը չի խուսափում քննադատությունից` ավելին, քաջ գիտակցում է, որ միայն առողջ քննադատության և երկխոսության միջոցով է հնարավոր գտնել դեպի առողջություն տանող ճանապարհը:
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր կազմակերպությունները կարող են մասնակցության հաստատման նպատակով զանգահարել 060 80 80 03 /2301 կամ 2303 հեռախոսահամարներով:
Հ.Գ. Առաջիկայում նախատեսվում է նաև հանրային քննարկում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
med.news.am