Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած պատանդառության դեպքով տուժող Լիլիթ Հովհաննիսյանի հայրը պնդում է, որ նախկին փեսան պատանդ վերցնելիս ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Հիշեցնենք, որ փորձաքննության արդյունքների համաձայն, Արգամ Հովիկյանը՝ պատանդառուն, դեպքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:
«Չգիտեմ՝ ոնց են ստուգել, որ ասում են, թե խմիչք չի օգտագործել, երբ նա փորձել է աղջկաս վիզը կտրել, աղջիկս ալկոհոլի հոտ է զգացել: Հարցրի Լիլիթ խմա՞ծ էր, ասաց՝ պապ, խմիչքի ահավոր հոտ էր գալիս»,- Aravot.am-ին պատմեց Լիլիթի հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը:
Նախկին փեսայի արարքը Էդգար Հովհաննիսյանը «թշնամություն է» համարում. «Նման մարդկանց պետք է վառել, վերացնել, ժողովրդի ներկայությամբ փրթիկ-փրթիկ անել, որ մինչև այն երեք տարեկան տղայի վիճակը դեռ չի կարգավորվել, երեխան նորմալ դեռ չի կարողանում խոսել, վախի զգացում կա երեխայի մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ