Օվկիանոս-մոլորակները կենսազուրկ են. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Օվկիանոս-մոլորակները կենսազուրկ են. գիտնականներ

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակցության, որ լիովին կամ գրեթե լիովին օվկիանոսներով ծածկված մոլորակները հարմար չեն կյանքի որոնման համար: Այդ երկնային մարմինների ջրում բացակայում է ֆոսֆորը՝ ԴՆԹ-ի և մյուս կենսաբանական մոլեկուլների հիմնական բաղադրիչը: Այս մասին հայտնել է NewScientist հրատարակությունը:

Հետազոտողների կարծիքով՝ կյանքի զարգացումը տեղի է ունենում սոսկ այն դեպքում, երբ մոլորակի մակերևույթին ընթանում են հողմահարման՝ ջրի կամ մթնոլորտային գազերի ներգործությունից լեռնային ապարների քայքայման գործընթացներ: Ֆոսֆորն անձրևային հոսքերի հետ օվկիանոսներ է լցվում ցամաքից, սակայն, եթե ցամաք չկա, ապա կյանքի համար անհրաժեշտ տարրի պարունակությունը երեք-չորս անգամ պակաս կլինի, քան Երկրի վրա:

Այն դեպքում, եթե օվկիանոս-մոլորակների վրա կենդանի օրգանիզմներ, այնուամենայնիվ, հայտնվեն, դրանք կհիշեցնեն միկրոսկոպիկ ջրիմուռներ, իսկ դրանց թիվը չափազանց փոքր կլինի, որպեսզի մթնոլորտը թթվածնով հագեցնեն Երկրի համար բնորոշ խտություններով: Գիտնականների խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ կյանքի համար պիտանի մոլորակների թիվն ավելի քիչ է, քան ավելի վաղ կարծում էին:

Նույնիսկ եթե երկնային մարմինը գտնվում է ծնողական աստղից օպտիմալ հեռավորության վրա, և հեղուկ ջրի գոյությունն այնտեղ հնարավոր է, ապա դա բավարար պայման չէ օրգանիզմների առաջացման համար: