Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 19-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա։
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, լինելով 18 տարին լրացած անձ, 14-ամյա աղջկա համաձայնությամբ վերջինիս հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին:
Հիմնվելով գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների վրա, դատարանը գտել է, որ ամբաստանյալը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով և որակվում է՝ որպես տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտարկվել կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը:
Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել:
Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի, և խնդրել է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել: