Երկքաղաքացիությունը մարդուն կապում է հայրենիքի հետ. մոտ 7 հազար մարդ այս տարի Հայաստանում դարձել է երկքաղաքացի
Advertisement 1000 x 90

Երկքաղաքացիությունը մարդուն կապում է հայրենիքի հետ. մոտ 7 հազար մարդ այս տարի Հայաստանում դարձել է երկքաղաքացի

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2017 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում դիմել է 6866 անձ: 2016-ի ողջ տարվա ընթացքում` 7.229 անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն ասաց, որ 2017թ. հունվար-սեպտեմբերին մերժվել է 356 անձի դիմում, 2016-ին` 840  դիմում: «Երկրների և ազգությունների մասով առանձին վիճակագրություն չի վարվում»,- ասաց նա:

Չնայած պաշտոնական վիճակագրություն չի վարվում, սակայն «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը տեղեկացնում է, որ երկքաղաքացիություն ստանալու համար ավելի հաճախ դիմում են Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի հայերը: 

«Երկքաղաքացիության ինստիտուտը ժամանակին ստեղծվել է նրա համար, որ կապեն սփյուռքը Հայաստանի հետ: Ոչ ուղղակի ձևով դա նաև վերաբերվում է հայրենադարձության զարգացմանը, որովհետև մարդիկ, եթե ձեռք են բերում երկքաղաքացիություն, իրենք սկսում են գնալ-գալ Հայաստան և գնալ-գալով Հայաստան կապվածության աստիճանը շատ լուրջ է լինում և մարդիկ սկսում են մտածել տեղափոխվելու մասին»,– ասաց նա:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրենը նշեց, որ շատ պետություններում արգելում են մարդկանց այլ երկրի քաղաքացի լինել: «Իսկ Հայաստանում նրանք դիտարկվում են որպես ՀՀ քաղաքացի»,- հավելեց նա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, ով ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Օտարերկրացիների համար գործում է Հայաստան մուտք գործելու, երկրում գտնվելու և բնակվելու օրենսդրական մեխանիզմներ: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով էլ սահմանված է վարչական պատասխանատվություն օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու համար:

Նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նաև այլ երկրի քաղաքացիություն, Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման: Եթե լրացել է նրա ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը կամ այն կորցրել է և դեռ նորը չի ստացել, որևէ պատասխանատվություն չի կարող կիրառվել նրա նկատմամբ:

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված է ընդհանուր պայման, պետք է լրացած լինի անձի 18 տարին, լինի գործունակ, վերջին երեք տարին մշտապես բնակված լինի ՀՀ-ում, կարողանա բացատրվել հայերեն լեզվով, ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը։