
Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու Հանրապետական և «Ելք» խմբակցության անդամները կողմ քվեարկեցին նախագծին:
«Մեկ տարուց ավելի է այս հարցը քննարկվում է: Մենք հետագայում ճարտարապետների հետ ճանապարհահատվածն այնպիսի շենքերով պետք է կառուցապատենք, որ փողոցին և անվանը վայել լինեն»,- ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախագծին դեմ քվեարկեց միայն «Երկիր ծիրանին», նշելով, որ դեմ են Մոնթե Մելքոնյանի անունով կոչել ինչ-որ ծայրամասային փողոց:
Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամները կողմ քվեարկեցին նաև Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակը Հնդկաստանի փողոց անվանակոչելու հարցին:
Օրակարգում ընդգրկված այս հարցն առաջարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, տրվել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրական պատասխանը: