Հայաստանում տոնական և նախատոնական օրերին կսահմանվի մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը:
«Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ասաց վարչապետը:
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարեց դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան: