Բրյուսելում նոյեմբերի վերջին տեղի ունեցած դեպքերը` կապված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հետ, Ռուսաստանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, որն ինչ-որ տեղ կանխատեսելի էր (խոսքը հատկապես փորձագիտական-վերլուծական սեկտորի մասին է):
Ռուսական լրատվադաշտը, որն իհարկե ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին թերևս առանց չափազանցության լցվում է ուղղակի լուտանք: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաև զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ:
Ռուսական այսպես կոչված բողոքն ու դժգոհությունը արտահայտվեց, ոչ թե պետական տեսակետ կամ որևէ պաշտոնյայի խոսքով, այլ տարբեր ձևաչափերի հաղորդաշարերի ընթացքում սուր և կոշտ հակահայկական դիրքրոշումներ առաջ քաշելով: Խոսքը «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման մասին էր, որի հաղորդավարը Հայաստանի իշխող կուսակցությանը մեղադրեց Նժդեհի «ֆաշիստական» գաղափարախոսությանը հետևելու մեջ և որ Հայաստանը «ցանկանում է Ուկրաինայի ճանապարհով գնալ»:
Մյուս ռաունդն արդեն ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» թոք շոուն էր, որտեղ լեհ ազգայնական Տոմաշ Մացեյչուկը և ռուս ազգայնական Մաքսիմ Շևչենկոն թեժ վեճի են բռնվել հայկական թեմայով: «Ցանկանում եմ հարցնել Մ. Շևչենկոյին՝ Հայաստանը ՌԴ դաշնակի՞ցն է, թե թշնամին», – հարցրել է Մացեյչուկը: Շևչենկոն պատասխանել է. «Հայերի այն մասը, որոնք ՌԴ դաշնակիցն են, մեր դաշնակիցն են, իսկ հայերի այն մասը, որ ձեր դաշնակիցն են, մեր թշնամին են»: «Իսկ Ղարաբաղն ու՞մն է», հարցրել է Մացեյչուկը: «Ղարաբաղն Ադրբեջան տարածքն է: Եվ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև եռյակ պայմանագրով», ասել է Շևչենկոն (ի դեպ 2014-ին հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցաձրույցում նույն Շևչենկոն հայտարարել էր, թե Ղարաբաղի հայերը սուբյեկտ են և բանակցային կողմ, որ Բաքուն պետք է բանակցի Ստեփանակաերտի հետ):
Նախօրեին ականատես եղանք հաջորդ դեպքին. ռուսական НТВ հեռուստաալիքը «Место встречи» («Հանդիպման վայրը») հանդիպման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը: Հաղորդման մեկնարկից անմիջապես հետո հաղորդավարները հիշեցին ԵՄ-ն ձգտող Ուկրաինայի միջադեպը, նշելով, սակայն, որ Հայաստանի ստորագրած ասոցացման համաձայնագիրն ունի այլ բովանդակություն: Հարկ է ընդգծել, որ հաղորդավարներին իրենց առաջին իսկ հարցադրումներով արդեն հեռուսատադիտողին փոխանցեցին իրենց բացասական վերաբերմունքը ստորագրված համաձայնագրին: Հաղորդման բանախոսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար բերում էին տարբեր պատճառաբանություններ, ըստ որի, ՀՀ-ն դժգոհ է Ռուսաստանից ստացող գումարներով: Իսկ ողջ հաղորդման ընթացքում կարմիր թելով անցնում է ուկրաինական մայդանի օրինակը:
Քննարկմանը մասնակցող քաղաքագետ Օլեգ Բարաբանովը նախ նշել է, որ «Հայաստանը ԵՄ-ին ընդհանրապես պետք չէ», վերջինս պարզապես ցանկանում է սեպ խրել նոր ձևավորվող ԵՏՄ մեջ: Այնուհետև հավելել, որ 2013թ., երբ Հայաստանը «ազատ երկիր էր», այսինքն` որևէ միավորմանը միացած չէր, ընտրություն կատարեց, և այդ ընտրությունը Եվրասիական տնտեսական միությունն էր: Այժմ, նրա խոսքով, երբ «Եվրասիական միությունն աստիճանաբար վերածվում է քվազի-միասնական պետության, Հայաստանը կլինի «տրոյական ձիու» կարգավիճակում»:
Քննարկմանը ներկա քաղաքագետ Սերգեյ Մարկովը հիշեց «Ադոլֆ Հիտլերի ժամանակակից Նժդեհին, որին Հայաստանում հուշարձաններ են կանգնեցնում և նրան անվանում ազգային հերոս»: Նրա խոսքով՝ հայերն անգամ փորձում են «միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և ճնշում գործադրել ռուսական հեռուստաալիքների վրա, որպեսզի իրենք չասեն, որ Նժդեհի նացիստ հանցագործ է»: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը Մարկովը մեկնաբանել է ոչ թե անգամ ապտակ, այլ ԵՄ-ի կողմից նախապատրաստում՝ Ռուսաստանի վրա հարձակման համար: Իսկ ՀՀ-ից հետո հաջորդ երկիրը, նրա խոսքով, պետք է լինի Բելառուսը:
Հաղորդման բովանդակությունը ամբողջովին կառուցված էր Հայաստանին վիրավորելու, դավաճան պիտակաորելու վրա: Հնչում էին այնպիսի գնահատականներ ու համեմատություններ, որոնք ուղղակիորեն վիրավորում էին Հայաստանը, օրինակ, որ Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, կամ «Հայաստանը ստորագրել է ասոցացումը, որովհետև հին ու հպարտ ազգ է, ու չի ցանկանում խոստովանել, որ կախված է միայն Ռուսաստանից», կամ, որ «Հայաստանը կատու է» և այլն: Ողջ հաղորդման ընթացքում հիշեցվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, անվտանգության երաշխավորը, և Ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի չի վերածվում հենց Ռուսաստանի շնորհիվ: Ուշագրավ է, որ ամբողջ հաղորդման ընթացքում հաղորդավարները փորձում էին ուղղորդել հյուրերին իրենց պատասխաններում և հեգնում այն բանախոսներին, որոնք Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն:
Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ հաղորդման ժամանակ հնչեցված պսեվդոմեղադրանքների ու անհիմն, ավելի շատ պոպուլիստական և ռևանշիստական, գաղափարների հեղինակներն անգամ պաշտոնյաներ չեն, այլ այսպես ասած փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, միևնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով: