«Գարդասիլը» Ստավրոպոլում փորձարկում են մանկատներում. Մելիտա Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Գարդասիլը» Ստավրոպոլում փորձարկում են մանկատներում. Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ ամբողջ աշխարհում գիտնականները կանգնում են ժողովրդի կողքին, իսկ Հայաստանում հակառակն է. «Գիտնականները ժողովրդից դուրս եկած, նրանց հաշվին գիտնական դարձած մարդիկ են, պետք չէ, որ կծկվեն, և ամեն մեկն իր տեղում նստի ու ոչինչ չասի։ Իսկ ումի՞ց պետք է ազգաբնակչությունը ստանա ինֆորմացիա։ Եթե գիտնականները լռում են, ո՞վ պետք է պաշտպանի մեր ազգաբնակչության շահերը»։

Հակոբյանն ասաց, որ ինքը համաճարակաբան և ինֆեկցիոնիստ է, և պատմեց, թե ինչպես էին նախկինում պատվաստանյութեր օգտագործում.

«Մենք անում էինք պատվաստումներ, բայց այն ժամանակվա պատվաստանյութերը հազար ձևի ակրոբացիայի ենթարկված, ճագարների, ծովախոզուկների, մկների վրա հազար ու մի ձևի փորձարկումներ էր կատարվում, տարիներ անց նոր մտնում էր օգտագործման մեջ։ Ես երեկ զանգեցի մեր Ստավրոպոլի փորձագետներին, և ասացին, որ այնտեղ մանկատներում են «Գարդասիլը» փորձարկում, դա խայտառակություն է։ Սիրելի հայրեր և մայրեր, եթե ուզում եք պատվաստել ձեր երեխային, ապա տարեք և պատվաստեք, դա կամավոր սկզբունքով է, դուք կարող եք և հրաժարվել։ Եթե պատվաստեք, հիշեք, որ, եթե հետագայում ինչ-որ բան լինի ձեր աղջկա հետ, ապա պատասխանատուն լինելու եք դուք։ Պարզապես տարին երկու անգամ ձեր երեխային տարեք ստուգման, հատուկ ստուգման ձևեր կան»։

Նրա խոսքով՝ այս պահին դեղերի շուկայում իրավիճակն այնպիսին է, որ առևտուր են անում մարդկանց կյանքի հաշվին. «Ամբողջ դեղեր արտադրող գիգանտների շահույթն արդեն մի քանի անգամ գերազանցում է նարկոբիզնեսից ստացվող եկամուտը։ Այնպես որ, սա ուղղակի բիզնես է, և երրորդ երկրների վրա են դա կատարում»։

Նա ասաց, որ տարիներ առաջ ունեցել է փոքր պապիլոմաներ, գինեկոլոգն այրել է, ու այլևս խնդիրներ չի ունեցել. «Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր պապիլոմաները քաղցկեղ են առաջացնում։ Ասում են՝ ԱՆ աշխատակիցների երեխաներին պատվաստել են․ ընկերներ, ո՞վ ասաց, որ պատվաստել են, ո՞վ տեսավ։ Դուք ձեր աչքով տեսե՞լ եք պատվաստանյութը, սերտիֆիկատը նայե՞լ եք։ Ես կասկած ունեմ, որ դա խարդախություն էր։ Ես առաջարկում եմ, որ ԱՆ աշխատակիցները, որ այդպես պաշտպանում են, թող իրենց երեխաներին, թոռներին մեր ներկայությամբ պատվաստեն, ես ոչ ոքի չեմ վստահում»։

Բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզաննա Ասատրյանն էլ խնդիր է համարում նաև այն, որ «Գարդասիլի» կիրառման բնութագիրը հայերեն չի թարգմանվել. «Երբ ԱՆ-ին հարցրինք, թե ինչո՞ւ չկա հայերեն թարգմանությունը, պատասխանեցին, որ, երբ պատվաստումները սկսվեն, նախորդ օրը կհասցնեն։ Ե՞րբ են հասցնելու 16 հազարին։ Երկրորդ՝ նախարարը հայտարարեց, որ 16 հազար աղջիկների պետք է պատվաստում անեն․ դա կամավո՞ր սկզբունքով է, թե՞ կամավոր-պարտադիր։ Ինչպե՞ս են պատվաստում 16 հազարի, երբ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածն արգելում է որևէ անչափահաս երեխայի պատվաստանյութ ներարկել»։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ